Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակը չէ, մեր քաղաքում ապրում են տեսողության, լսողության խնդիրներով մարդիկ». (Տեսանյութ)

Մարտ 15,2016 19:00

Վեց տարի առաջ մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:

Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը ներկայացրեց արված աշխատանքները: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ այն ինչ նախատեսված է եղել ծրագրով 100 տոկոսով ի կատար է ածվել: Մայրաքաղաքում թեքահարթակներ են կառուցվել, վերելակով 20 ավտոբուսներ են երթուղիներ դուրս եկել, քաղաքաշինական ծրագրերով պարտադիր նախատեսվել են հաշմանդամություն ունեցող մարդու համար անհրաժեշտ հարմարությունները շենք մուտք գործելու եւ այլն:

IMG_8262 IMG_8261

Aravot.am-ը Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց, թե բավարա՞ր են այն աշխատանքները, որոնք մեր պետությունը կատարում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լուծելու համար եւ որքանո՞վ են այդ ծրագրերն արդյունավետ: Մեր այն դիտարկմանը` եթե մայրաքաղաքում միջավայրը քիչ թե շատ հարմարեցված է, ապա մարզերում  հաշմանդամություն ունեցող մարդիկ անմատչելի միջավայրի, կրթօջախների անհասանելիության պատճառով մնում են տանը փակված, Զարուհի Բաթոյանն ասաց, որ բացառությամբ 1-2 մարզերի, հանձնաժողովների նիստերը ձեւական բնույթ են կրում: Ըստ նրա, մասնավորապես մայրաքաղաքում ծրագրերը մեծ մասամբ իրականացվում են, սակայն հարցն այն է, թե ինչ ծրագրեր են կազմվում:

Զարուհի Բաթոյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Ճիշտ է բիզնես կենտրոնը մատչելի էր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, սակայն ինչպես Զարուհի Բաթոյանը նշեց, որը տեղաշարժվում է անվասայլակով, դժվարությամբ մուտք գործեց շենք, քանի որ դուռը փակ էր, այնինչ պետք է մշտապես բաց լիներ:

Aravot.am.-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե ինչո՞ւ են անհամաչափ լուծվում  հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները` մայրաքաղաքում ավելի շատ աշխատանք է կատարվում, մինչդեռ մարզերում ավելի նկատելի են դրանք:

Պարոն Ասատրյանն ասաց, որ ֆինանսների բացակայությունն է պատճառը, որ մարզերում ավելի շատ գործ կա անելու. «Պետք է հաշվի առնենք ֆինանսական հնարավորությունները, աշխատանքների մեծ մասն իրականացվել է Երեւան քաղաքի համայնքի բյուջեի հաշվին եւ բնական է, որ այստեղ հնարավորությունները համեմատականով մարզերում գտնվող քաղաքների եւ Երեւանի, որոշակի տարբերություն կան, բայց մյուս կողմից՝ պետական ծրագրերը, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցները` ընդգրկում է հանրապետության ամբողջ տարածքը: Յուրաքանչյուր համայնք իր ունեցած հնարավորությունների շրջանակներում իրականացնում է սոցիալական ծրագրեր` այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»:

Միջոցառմանը ներկա Կույրերի միավորման նախագահի տեղակալ Ֆրոնտիկ Դանիելյանն ասաց, որ իրենց միավորման անդամները, որոնց արտադրանքը խորհրդային տարիներին մեծ պահանջարկ ուներ, այսօր սպառող դժվար է գտնում: Մեր այն հարցին, թե հարկային արտոնություններ չունե՞ն չտեսնող մարդիկ, պարոն Դանիելյանն ասաց, որ ունեն, սակայն իրենց հարկում են հետո` վերադարձնում հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031