Մարտի 12-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքի «Հայոց ցեղասպանության նահատակների» հրապարակում քաղաքային իշխանությունների կողմից հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լե Լիլայի քաղաքապետ Դանիել Գիրոյի և ֆրանսահայ «ԱՆԻ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած հիշատակի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, որը Լե Լիլայի բնակիչ է և նախկինում հանդիսացել է համայնքապետը։
Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի ԱԺ նախագահը, Լե Լիլայի քաղաքապետը և դեսպան Չիտեչյանը: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետ Գիրոյին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում քաղաքում հայոց նահատակներին հիշատակող հրապարակի բացման համար և ողջունեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բարտոլոնի պատվավոր ներկայությունը միջոցառմանը:
Իր խոսքում դեսպանը կարևորեց Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման կարևորությունը ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում՝ ընդգծելով հարյուր տարի անց թուրքական իշխանությունների կողմից անցյալի հետ առերեսվելու անընդունակությունը և դրա մինչ օրս շարունակվող բացասական հետևանքները՝ Մեծ Եղեռնի իրականացման նույն տարածքներում ազգային և կրոնական պատկանելության հիմքով մարդկանց խմբերի հանդեպ հալածանքների տեսքով:
Կարդացեք նաև
Ելույթներից հետո Հայաստանի, Ֆրանսիայի, Լե Լիլա քաղաքի անունից ծաղկեպսակներ զետեղվեցին հրապարակի հուշաքարի մատույցներում: Հիշատակի արարողությանը հաջորդեց պաշտոնական ընդունելություն Լե Լիլայի քաղաքապետարանում:
ՀՀ ԱԳՆ