ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առանձնացնում է երեք կետ, որոնք իրենց համար շատ կարեւոր են եւ մասնագիտական հանձնաժողովը, որն աշխատել է ԸՕ-ի նախագծի վրա, հաշվի է առել: Խորհրդարանում Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, Աղվան Վարդանյանը թվարկեց. «Անկախ ամեն ինչից, ընդդիմությունը խորհրդարանում պետք է տեղերի 1/3-ն ունենա, եթե նույնիսկ մեկ կամ մի քանի ուժեր բացարձակ մեծամասնություն ձեւավորեն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունն իր սահմանադրական լիազորությունը չիրացնի: Երկրորդը` կայուն մեծամասնության մեջ տարընթերցումներ կային. այն արտոնությունը, որը փորձ էր արվում տալ կոալիցիաներից մեկին, տարածել ենք նաեւ մյուս կոալիցիաների վրա: Նախկինում գաղափար կար, որ եթե մի կուսակցություն 40-45 տոկոս ձայն է հավաքում, նա պիտի վետոյի իրավունք ունենա, թույլ չտալով, որ մյուս ուժերը նույնպես կոալիցիա ձեւավորեն: Սրանք այն խութերն էին, որ քաղաքական հարաբերություններով մենք ֆիքսել էինք»:
Այսօր, արդեն եվրոպացի փորձագետների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները խոսել են անձերի նույնականացման հարցից`տեխնիկական միջոցների եւ միասնական այնպիսի բազայի կիրառման մասին, որոնք հնարավորություն կտան կանխել այլ անձի փոխարեն, այլ տեղում քվեարկելը: Ի դեպ, ոչ միայն Հայաստանից դուրս գտնվողների, այլ Հայաստանում եղողների, բայց ընտրություններին չմասնակցողների փոխարեն քվեարկելը կանխել: «Նախագծով, հնարավոր է մի տարածքից պատգամավոր դառնա 1000 ձայն հավաքած մեկը, բայց այլ տարածքից 10. 000 ձայն հավաքածը`ոչ: Եթե պիտի մնա վարկանիշային քվեարկությունը, ապա ձայների հաշվառումը պետք է հանրապետությունով մեկ կատարվի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ում խնդիրներ են տեսնում, մարդու`ոչ իր հաշվառման վայրում, այլ ընտրության օրը գտնվելու վայրում քվեարկելու գործող հնարավորության հետ էլ: Անցած ընտրություններում նման մարդիկ 17. 000 էին: Կարծում են, որ եթե Հայաստանից դուրս քվեարկողներին պարտադրում ենք Հայաստանում քվեարկել, ապա տեղում եղողներն էլ պիտի իրենց հաշվառման վայրում քվեարկեն. «Եթե մարդն ուզում է քվեարկել, ապա թող ժամանակ եւ միջոցներ գտնի»:
Քվեարկածների ցուցակների հրապարակման մասով, ՀՅԴ-ում առաջարկում են այլ մեխանիզմներ գտնել, եթե խնդիր կա միջազգային փորձի, ՍԴ որոշման հետ կապված: «Մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կան իրավական խոչընդոտներ, ապա գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն ցուցակների մատչելիությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով`օրինակ, ընտրությունների ավարտից, արդյունքների ամփոփումից հետո վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին ժամկետ տրվի`քաղվածքներ հանելու, ինչպես վերահաշվարկի փուլի ժամանակ է արվում:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ում էլ գտնում են, որ ընտրացուցակների ճշգրտման խնդիր կա, նաեւ անհասկանալի են համարում դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակումը տեղամասերում, կուսակցությունների ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պարտադիր ընդգրկումը եւ այլն, ինչի մասին ասել են նաեւ եվրոպացի փորձագետներին:
Եվրոպացի փորձագետների արձագանքը, Աղվան Վարդանյանն ասաց, կերեւա իրենց եզրակացության մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ