Մարտի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ:
Ոստիկանության պետն անդրադարձավ հանդիպման նպատակին ու խնդիրներին:
Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի հայտ բերել ոստիկանության նոր սերնդի խնդիրները, մտածողության կերպը, նաև խոչընդոտները, որ կարող են հայտնվել նրանց ճանապարհին:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց մշտական ինքնակատարելագործման, հանցավորության հակազդման գործին անմնացորդ նվիրվելու, փորձառու և երիտասարդ ոստիկանների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով նաև, որ պետք չէ վախենալ աշխատանքային վրիպումներից:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անկեղծ ու առարկայական երկխոսության առարկա դարձան գործնական պարապմունքների կազմակերպման սկզբունքները, անձնակազմերի բարոյահոգեբանական մթնոլորտի, կատարողական կարգապահության բարելավման, կադրային տեղաշարժի, սպասարկվող տարածքներում տարվող աշխատանքի և մի շարք այլ հարցեր, որոնք ոչ միայն օրախնդիր են, այլև ռազմավարական նշանակություն ունեն համակարգի արմատական բարեփոխման համար:
Ամփոփելով՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն հանգուցային ուղղությունները, որոնցով իրականացվելու է օպերատիվ ծառայությունների գործունեությունը և ներկայացրեց ծառայողների առաջնային խնդիրները:
Խորհրդակցության ավարտին ըստ ստորաբաժանումների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանություն