Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին

Մարտ 15,2016 17:50

Հայաստանի իշխանությունները վերջերս բազմաթիվ հայտարարություններ են արել, հավաստիացնելով, որ պատրաստ են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ:

Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները դեռեւս որեւէ կերպ չեն հաստատում այդ պնդումները: Հասկանալով, որ Ընտրական օրենսգիրքը կարեւորագույն փաստաթուղթ է, որի հիմնական դրույթները պետք է ընդունվեն ո՛չ թե իշխող կուսակցության թելադրանքով՝ Ազգային Ժողովում իր մեծամասնությունը օգտագործելով, այլ պետք է լինեն երկրի քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ փոխհամաձայնեցված փաստաթուղթ, իշխանությունները պարտավոր էին ստեղծել քաղաքական երկխոսության ձեւաչափ, որը, մինչեւ հարցի ֆորմալ քննարկումը հանրային լսումներում եւ Ազգային ժողովի լիագումար նիստում, պետք է լուծեր հասարակական կոնսենսուսի գալու խնդիրը:

Հակառակ դրան, իշխանությունները, նախ, հանրությունից գաղտնի պատրաստել եւ դեռ հունվարի 15-ին Վենետիկի հանձնաժողով էին ուղարկել մի նախագիծ, հույս ունենալով, որ, ինչպես միշտ, սկզբից կստանան այդ հանձնաժողովի հավանությունը, ինչի շնորհիվ ստիպված չեն լինի լուրջ բանակցությունների մեջ մտնել ընդդիմության հետ՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի նախօրոք տված եզրակացությանը: Բարեբախտաբար, այս անգամ նրանք չկարողացան Վենետիկի հանձնաժողովին օգտագործել որպես գործիք՝ ընդդիմության պահանջները մերժելու համար:

Երկրորդ՝ շրջանառության մեջ դրված նախագիծը հաշվի չի առել ո՛չ ընդդիմության բազմամյա պահանջները, ո՛չ էլ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականները:

Երրորդ՝ ներկայացված նախագծում սահմանափակվել են ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները՝ գործող օրենսգրքի համեմատ, հույս ունենալով, որ ընդդիմությունը պայքար կսկսի կորցրած դիրքերի համար, մի կողմ թողնելով պայքարը իր հիմնական պահանջների համար:

Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին, որոնց ճղճիմությունը ակնհայտ է ե՛ւ մեր հասարակության ե՛ւ միջազգային հանրության համար: Քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմությանը հաջողվել է, ըստ էության, ձեւավորել պահանջների միասնական պլատֆորմ:

Ընտրական գործընթացի վերաբերյալ ժողովրդի վստահության վերականգնման նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեւավորել իշխանությունների, քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության միջեւ բանակցությունների լիարժեք ձեւաչափ եւ ընդունել՝ արդեն ամբողջ հանրությանը դարձած պահանջները:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031