ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են, որպեսզի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցման նպատակով հետաքննությունների մեխանիզմ կիրառվի: Սակայն Ադրբեջանը հետեւողականորեն խուսափում է սահմանին հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու առաջարկների վերաբերյալ դրական պատասխան տալուց: Ի՞նչ քայլեր պետք է հետեւեն պաշտոնական Բաքվի այս պահվածքին` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ առհասարակ, միջազգային հանրության կողմից, հարցրեցինք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որում Ֆրանսիան առանձնապես ներգրավված է որպես Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Ֆրանսիայի կողմից սատարվող առաջնահերթություններից են: Ժամանակի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացվելը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը եւ բարօրությանը: Սա է նպատակը, որին բոլորս պետք է համբերատարությամբ եւ վճռականորեն հետամուտ լինենք՝ առանց տեղի տալու:
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բնականաբար գոհացուցիչ չէ: Մենք ցավում ենք, որ կիրառվում են ծանր զինատեսակներ, թիրախ է դառնում խաղաղ բնակչությունը: Երբեք բավական չի լինի կրկնել, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Որպես Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ներգրավված է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես այդ մասին վկայեց 2014 թվականի աշնանը Փարիզում կազմակերպված նախագահների գագաթնաժողովը: Անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը եւ որքան հնարավոր է շարունակեն երկխոսությունը: Համանախագահների կողմից առաջարկված շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատումը կլիներ լարվածությունը մեղմելու վստահության լավագույն միջոցը», պատասխանեց դեսպանը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ