Մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող մթերքներ արտադրող ընկերությունների ցանկը, որտեղ մեծ պահանջարկ վայելող արտադրանքներ կան: Մասնավորապես, երեխաների կողմից շատ սիրված «Մարս», «Սնիկերս» շոկոլադների, «Կոկա կոլա», «Ֆանտա» հյութերի, «Լիպտոն» թեյի մասին է խոսքը:
ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանն այդ մասին այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց՝ այդ ապրանքների գինը շուկայում վերջին շրջանում նվազել է, արդյո՞ք հանձնաժողովը ուսումնասիրել է այդ ապրանքատեսակներում ԳՄՕ-ների առկայության վերաբերյալ եւ ի՞նչն է պատճառը գների նվազման:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ այդ խնդիրը սննդամթերքի անվտանգության ծառայության դաշտում է. «Եթե բացահայտվի, որ նման խնդիր կա, դա Սննդամթերքի անվտանգության պահանջների խախտում է: Դա կարող է նաեւ սպառողների շփոթեցում, մոլորեցում հանդիսանալ, եւ որպես անբարեխիղճ մոտեցում, կարող են պատժվել տնտեսվարողները: Շոկոլադների գները ոչ միայն նվազել են, այլեւ եղել է նվազում, հետո բարձրացում: Հանձնաժողովը հետեւում է, դա կարող է ռուսական ռուբլու փոխարժեքի ազդեցությամբ պայմանավորվել»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ցիտրուսային մրգերի գներից բողոքեց. «Հիմա ցիտրուսի տեսակի ապրանքները, որոնք արդեն ոչնչանում են, որակապես զրկվում են, բայց գինը չի իջնում, ի՞նչն է սրա պատճառը, գուցե կա մենաշնորհ այստեղ»:
Կարդացեք նաև
Հետո տիկին Բիշարյանը նշեց զեղչերի մասին. «Աշխարհում ընդունված են զեղչերը, էդ մեր երկրում է, որ ամեն տեսակ չուլ ու փալասը այնպիսի գներով են դնում, որ զեղչերը համարվում են ոչ առողջ մրցակցություն»:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ ցիտրուսի շուկայում գնագոյացման հաշվարկներ են կատարում, ուսումնասիրություններ են անում, նաեւ բանանի շուկան են ուսումնասիրում, որ մուտքի խոչընդոտներ չլինեն: Նա վստահեցրեց, որ փոքր ընկերություններ են հայտնվել, որոնք ԵՏՄ-ից բանան են սկսել ներկրել ՀՀ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ