«Մենք շատ քիչ ժամանակ ունենք, ժողովո՛ւրդ, կա՛մ այս մեկ ամսվա ընթացքում միասնական դիրքորոշման ենք գալիս, կա՛մ ձախողում ենք ամբողջ գործընթացը»,- մարտի 15-ին կազմակերպված հանրային քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի կարեւորությանը՝ նա ասաց. «Սերժ Սարգսյանի չար ձեռքով մեր ժողովուրդն այլեւս չի ունենալու նախագահ եւ առաջիկա՝ ուղիղ մեկ տարի հետո անցկացվող ընտրությունը պառլամենտական է՝ գումարած նախագահական: Ելնելով այս կարեւորությունից եւ արձանագրելով այն, որ երբեք Հայաստանում այսքան կոնսոլիդացիա չի եղել: Իրավիճակը բարելավելու համար մենք այս պատմական շանսը բաց թողեցինք, ուրեմն՝ մեղավորը մենք ենք»:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ երբեք քաղաքացիական խմբերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը գումարած միջազգային կառույցները այսքան միասնական չեն եղել. «Մենք այսօր հանդիպել ենք Վենետիկին, հանդիպել ենք տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներին, աշխատող դեսպանատներին, բոլորը շատ լավ են արձանագրում Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական խմբերի աշխատանքը: Ուստի՝ ավելի շատ կարեւոր է ոչ միայն օրենքների նշված թերությունների բարելավումը, այլ դու միասնականությամբ ինչ ես ներկայացնում: Որպեսզի իշխանության թակարդը չընկնենք, մենք պետք չէ 300 հատ առաջարկ ներկայացնենք, 300-ից 295-ը չընդունի եւ ներկայացնի աշխարհին, որ ինքը 295 առաջարկ ընդունել է»:
Նա առաջարկում է դրա փոխարեն ներկայացնել 3-5 առաջարկություններ, դրանք ներկայացնել միջազգային կազմակերպություններին: Ըստ նրա, այդպես հնարավոր կլինի ստանալ միջազգային կազմակերպությունների աջակցությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ