«Իսկ դուք երկիր ունե՞ք, որտեղ 2,8 միլիոն բնակչություն լինի եւ ընտրացուցակներում 2,8 միլիոն մարդ լինի»,-այս հարցը վենետիկցի փորձագետներին տվել են ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, երբ վերջիններս ակնարկել են, որ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելը լավ բան չի:
Քիչ առաջ ավարտվել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի փորձագետների հանդիպումը ընդդիմադիր պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հետ:
«Նայեցին, զարմացան: Ասեցի`դե լուծեք»,- Aravot.am-ի հետ զրույցում հանդիպումից հետո ասաց Հրանտ Բագրատյանը`հավելելով, որ փորձագետները նաեւ հետաքրքրվել են`ի՞նչ այլ լուծումներ կան: «Ցուցակները մաքրել եւ էլեկտրոնային քվեարկություն ապահովել»,- ասել է Հրանտ Բագրատյանը: Եվրոպացի փորձագետները սկսել են հաշվարկներ անել, թե ի՞նչ գումար կարժենա այդ տարբերակի կիրառումը Հայաստանի վրա: Հրանտ Բագրատյանը խորհուրդ է տվել այդ մանրամասներն արդեն ՀՀ ֆինանսների նախարարի հետ քննարկել:
«Շատ էական խնդիր է, երբ խոսում են էլեկտրոնային գրանցումներից կամ ID քարտերից, բայց այդ դեպքում պետք է դա միեւնույն բազայից վերահսկվի: Այլապես, եթե դա արվում է տարբեր ընտրատարածքներից, դա կլինի թափանցիկ ընտրությունների իմիտացիա»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորները խոսել են նաեւ կոալիցիա կազմելու սահմանափակում առաջարկող 97-րդ հոդվածից: «Բոլոր այն մտահոգությունները, որոնց մասին հրապարակային խոսում էինք, այս հանդիպման ժամանակ էլ ենք խոսել: Ասեմ, որ իրենք որոշակիորեն տեղեկացված էին»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ