Սամվել Ալեքսանյանը չէր հերքում, որ կեղծում է օղիներ. «Որ ասում եք կեղծում եք, դրան բան չեմ ասում, բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում: Ես հազարավոր աշխատատեղ եմ ստեղծում»,- «Հետքին» ասել էր գործարար պատգամավորը:
Այսօր այդ առնչությամբ լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ոչ մի քայլ չեք անում, մարդը հստակ խոստովանում է, որ կեղծում է շուկայում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեկի խոսքը չենք մեկնաբանում, վարչական մարմին ենք, ուսումնասիրում ենք, իրավախախտումների, հիմքերի առկայության պարագայում պատժում ենք տնտեսվարողներին: Եթե կոնկրետ, առարկայական փաստեր կան՝ ասեք»:
Լրագրողների զարմանքին, որ մարդը ինքն է խոստովանում, էլ ի՞նչ առարկայական փաստ եք ուզում՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ կոնկրետ ինչի մասին է խոսքը»:
Հարցին՝ բանանի շուկայում ե՞րբ եք ուսումնասիրություններ անելու՝ Շաբոյանը պատասխանեց. «Բանանի շուկան մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, գնագոյացման հաշվարկներ ենք անում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ օղիների եւ այլ շուկաներում երբ որ բողոք են ունենում, ուսումնասիրում են կոնկրետ դեպքը:
Aravot.am-ի հարցին՝ Դուք որ խանութ եք գնում, եւ, ասենք, Medoff-ի փոխարեն Medofe օղի եք տեսնում, Դուք չե՞ք շփոթվում՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Եթե խոսքը օղիների մասին է, հանձնաժողովը նախկինում վարույթ է հարուցել, պատասխանատվության է ենթարկել, եթե ներկայումս էլ կլինեն դեպքեր, անպայման ուսումնասիրության կենթարկենք ու վարույթ կհարուցենք»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե չե՞ն պատրաստվում ուսումնասիրություններ անել կարագի շուկայում, «Anchor» կարագի մի քանի տեսակ կա շուկայում՝ նույն կապույտ թղթով, բայց մեկ տառի տարբերությամբ:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ այդտեղ կարող է անբարեխիղճ դրսեւորումներ լինեն. «Չեմ բացառում, բայց միանշանակ պատասխան չեմ կարող տալ, մինչեւ չուսումնասիրենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ