Այսօր` մարտի 15-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում ՀՎԿ պատգամավորները ներկայացրել են կուսակցության մոտեցումները ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման և ընտրակեղծիքների դեմ պայքարի վերաբերյալ: Դրանք են. ա) ցուցակների ճշգրտում վրացական տարբերակով` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններին մասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ոչ ուշ, քան քարոզարշավի մեկնարկից կամ նվազագույնն ընտրություններից 10 օր առաջ ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները:
Ընտրողների վերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ, բ) քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքի միջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր, գ) ոլոր ընտրական տեղամասերում տեսանկարահանման ապահովում, դ) ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորում ըստ մարզերի` թվով 10. Երևանում 5, երաշխավորելով ընտրությունների արդյունքների ամփոփումն ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով` յուրաքանչյուր տեղամասի և ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսելով ժամանակային սահմանափակումներ` մինչև 500 ընտրողի համար 3 ժամ, մինչև 1000 ընտրողի համար 6 ժամ, մինչև 2000 ընտրողի համար առավելագույնը 8 ժամ, ե) ընտրությունների անցկացում միայն համամասնական սկզբունքով կամ նվազագույնը դրա սահմանափակում 85/15 հարաբերակցությամբ` 85 % համամասնական, 15 % ռեյտինգային:
Հանդիպումն ընթացել է կառուցողական և արդյունավետ մթնոլորտում: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ՀՎԿ-ի ներկայացրած առաջարկություններում առկա են նոր և արդյունավետ մոտեցումներ:
Կարդացեք նաև
ՀՎԿ մամուլի ծառայություն