Գործընկերություն հանուն բաց հասարակության հասարակական կազմակերպությունը մարտի 15-ին հանրային քննարկում էր կազմակերպել «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծ եւ ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:
Քննարկման ընթացքում ՀՔԱ Վանաձորի ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ նմանատիպ քննարկումներ կլինեն նաեւ Գյումրիում եւ Վանաձորում. «Նպատակը մեկն է, որ այն գործընթացները, որոնք կատարվում են երկրում, որի մասին, ցավոք սրտի, համարժեք իրազեկումը հասարակությունը չունի, գոնե այդ իրազեկման խնդիրը լուծվի»:
Նա նկատեց, որ քաղաքացիական հասարակության անդամները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գործընթացում չկարողացան լիարժեք արդյունավետ մասնակցություն ունենալ. «Ներառականությունը շատ կարեւոր նշանակություն ունի գործընթացի նկատմամբ վստահության ձեւավորման տեսանկյունից: Մենք մասնակցեցինք ԵԱՀԿ-ի եւ կառավարության ձեռնարկած Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկմանը, որին մասնակցել էր պարոն Հարությունյանը, եւ մենք մեր մոտեցումները եւ գնահատականները ներկայացրեցինք: Ակնկալում էինք, որ այսօր էլ նմանապես քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ մասնակցեն ոչ միայն ներկա քաղաքական ուժերը, այլեւ նախագծի մշակման հեղինակները, կարեւոր է, որպեսզի հեղինակները անմիջականորեն լսեն»:
Սաքունցը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի նախագծում պետք է առաջարկեին ընտրական խախտումների կանխարգելման, արձանագրման գործիքների ընդլայնում, բայց ինքը նման միտում չի տեսնում. «Ընտրական օրենսգրքի հիմքում ընկած է սահմանադրական փոփոխության տրամաբանության երկու խնդրի լուծում՝ կայուն քաղաքական մեծամասնության ինստիտուտի ապահովում, եւ այդ առումով կուսակցությունների քանակը նվազեցնում են, ոչ թե ընդլայնում, որը կարող էր ազատության ավելի մեծ աստիճան տրամադրել, եւ երկրորդը՝ ընտրական խախտումների կանխարգելման հնարավորությունների նվազեցում: Այսինքն՝ դասերը հակառակ իմաստով են յուրացվել, ինչպե՞ս անենք, որ հնարավորինս քիչ լինեն խախտումների արձանագրման հնարավորությունները՝ ապահովելու համար կայուն քաղաքական մեծամասնության ձեւավորումը: Սա է Ընտրական օրենսգրքի բուն էությունը, երբ որ դիտարկում ենք Սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունը եւ հանրաքվեի կատարման փաստը»:
Կարդացեք նաև
Սաքունցն իր մտահոգությունը եւ անհամաձայնեցումն է հայտարարում նման մոտեցմանը. «Մեզ անընդհատ պարտադրում են որոշակի խաղի կանոններ եւ ասում են՝ սա են խաղի կանոնները, դուք կարող եք այդ խաղի կանոնների շրջանակում որոշակի փոփոխությունների, քննարկումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Իսկ մենք ինչքանով հաշվի կառնենք, թողեք մեր հայեցողությանը: Կարծում եմ՝ մենք ունենք հերթական մարտահրավերը՝ հանձինս նման մոտեցման եւ Ընտրական օրենսգրքում ձեւակերպումների»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ