ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագիրը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց VEGA խանութների ցանցի հետ կապված իր դիմումից, թե ինչ ընթացքի մեջ է: Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամները խանութում դիտանցումներ են կազմակերպել. «Ուսումնասիրությունը ընթացքի մեջ է, վարույթ հարուցեցինք: Նախնական արդյունքներով հանձնաժողովը գտնում է, որ իրավախախտման երեւույթներ կան, կան անբարեխղճության դրսեւորումներ, եւ որոշումը առաջիկա երկու օրերի ընթացքում կհրապարակվի»:
Էդմոն Մարուքյանը նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մտահոգություն հայտնեց. «Դուք ստուգումներ եք սկսել «Հայկական ծրագրերում»՝ խոշոր օլիգարխներին թողած, ասում են՝ իրենց հետեւից եք ընկած»:
Կարդացեք նաև
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ Հայկական ծրագրերը, որոնք հաշվապահական ծրագրեր ունեն հիմնականում, շուկայի մեծ տոկոս են զբաղեցնում, մեծ ազդեցություն ունեն, եւ եթե ընկերության ծրագրերից օգտվում են, պետք է սպասարկումն էլ այդ ընկերությունը անի:
Արտակ Շաբոյանն ասաց, որ որեւէ վարույթ չկար, պարզապես որոշեցին ուսումնասիրություններ անել ու տեսան, որ ընկերությունը չի ուզում իրենց տեղեկատվություն տալ. «Մենք ընդամենը դիմեցինք ընկերությանը՝ խնդրելով դիրքորոշում ներկայացնել, թե ինչու են գինը բարձրացրել: Պատասխանեցին, որ գինը բարձրացնելիս առաջնորդվում են բացառապես իրենց զգացողություններով, որեւէ հաշվարկ դրա հիմքում չկա: Երկրորդ անգամ դիմեցինք՝ պահանջելով հիմքեր ներկայացնի՝ ինչ ծախսեր են ավելացրել, ընկերությունը հրաժարվեց որեւէ տեղեկատվություն ներկայացնել: Մեր հանձնաժողովը վարույթ հարուցեց դրա համար»:
Պարոն Մարուքյանը նաեւ դեղերի գների հետ կապված ներկայացրեց քաղաքացիների դժգոհությունը. «Բազմաթիվ քաղաքացիներ մեր մարզում ասում են, որ եթե թանկանոց դեղեր է պետք, գնացեք եւ այդ դեղերն առեք Վրաստանից, ո՞նց եղավ, որ Հայաստանի եւ Վրաստանի մեջ այդքան մեծ մարժա կա, ո՞րն է պատճառը»:
Շաբոյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում, որ դեղերի գների մեջ տարբերություն կա այդքան Վրաստանի եւ Հայաստանի մեջ. «Գներն ինքնակարգավորվում են առաջարկի եւ պահանջարկի ներքո»: Էդմոն Մարուքյանը խոստացավ հանձնաժողովին ներկայացնել իր ուսումնասիրությունները եւ կոնկրետ դեղերի անուններ նշել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ