Մարտի 14-16-ը Արցախում է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությունը:
Այցի ծրագրի մեկնարկին պատվիրակության անդամները ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին:
Մարտի 15-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը: Պատվիրակությանն ուղեկցում են այցի կազմակերպիչ՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախի խորհրդարանական կապերի մեջ եվրոպական ուղղությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, իսկ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանականների հետ հանդիպումներն ավանդույթ են դառնում:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆլանդրիայի խորհրդարանականների հետ շփումներն ու կապերը՝ օրենսդրական փորձի ու մշակույթի փոխանակման տեսանկյունից եւ համոզմունք հայտնել, որ այն օգտակար կարող է լինել Արցախի համար:
Այնուհետեւ հանդիպումն ընդլայնված ձեւաչափով շարունակվել է Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում՝ օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իր ելույթում Աշոտ Ղուլյանն ուսանելի է համարել Ֆլամանդական խորհրդարանի գործընկերների՝ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ երկարատեւ ու հետեւողական պայքարը, որն, ի տարբերություն մեր տարածաշրջանի, արտահայտվում է ազգերի կողմից իրենց իրավունքների համար տարվող քաղաքակիրթ երկխոսության միջոցով:
Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կարիմ Օվերմեյերի խոսքերով այս այցը խորհրդանշում է այն համակրանքը, որ իրենք ունեն Արցախի՝ երիտասարդ ժողովրդավարության հանդեպ: «Արցախը ոչ միայն ամրոց է Հայաստանի, այլ նաեւ՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է նա:
«Ես Արցախը համարում եմ քրիստոնեական աշխարհի մաս, որին ինքս եմ պատկանում»,- նշել է Ֆլանդրիայի օրենսդիր մարմնի մեկ այլ ներկայացուցիչ Վարդ Քեննեսը:
Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Մեխելենի փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսն իր ելույթում խոսել է Մեխելի հայ համայնքի ունեցած դերի մասին ու կարեւորել հնարավոր համագործակցությունը:
Իր ելույթում սենատոր Կարլ Ֆոնլաուվեն կարեւորել է ժողովրդավարության եւ ինքնության արժեքների՝ քաղաքականության մեջ ունեցած նշանակությունը: Անդրադառնալով Ֆլանդրիայի ու Արցախի ժողովուրդների՝ ազգային ինքնության պահպանման համար պայքարին՝ սենատոր Ֆոնլաուվեն մասնավորապես ընդգծել է. «Ես չեմ կարող համեմատել ինքնության համար ֆլամանդական խաղաղ պայքարը Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակի հետ: Դժվար է պատկերացնել, որ նման հանդիպում շուրջ երեսուն տարի առաջ հնարավոր չէր կազմակերպել զուտ այն պատճառով, որ այստեղ պատերազմ էր»:
Հանդիպման արդյունքներով ուրվագծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու ընդգծվել համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման, մասնավորապես, ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը:
Օրվա երկրորդ կեսին նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, ինչպես նաեւ այցելություն կրթական հաստատություններ ու պատմա-մշակութային կենտրոններ:
Այցի արդյունքները Ֆլանդրիայի խորհրդարանականները կամփոփեն մարտի 16-ին ծրագրված մամուլի ասուլիսին:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն