Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, նախարար Մինասյանը կարևորել է բոլոր հնարավոր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը և այդ համագործակցության թափանցիկության ապահովումը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար և հավաստել, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը: Նախարարը նաև ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շուրջ բանակցությունների վարման և այդ ծրագրերի հետագա իրականացման գործընթացում:
Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Մաթիո Բուզկեն անդրադարձել է Եվրամիության կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը, Հարևանության ներդրումային գործիքի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և Միասնական աջակցության շրջանակի ներքո 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության պլանավորմանը:
Այնուհետև կայացել է ընդլայնված աշխատանքային խմբի հանդիպումը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի համանախագահությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն