Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25 ամյակին: Գիտաժողովի նպատակն էր ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգի անցած ուղու և ձեռքբերումների իմաստավորումը, սոցիալական պաշտպանության պետական համակարգի, արդի հիմնախնդիրների և զարգացման միտումների վեր հանումն ու քննարկումը, Հայաստանում սոցիալական պաշտպանության հիմնահարցերով զբաղվող կառույցների և ոլորտի առաջատար մասնագետների միջև համագործակցության ամրապնդումը:
Գիտաժողովին ներկա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար(ԱՍՆ) Արտեմ Ասատրյանը խոսեց ոլորտի վերջին տարիների զարգացումներից. «Անցած 25 տարիները կարելի է բաժանել փուլերի. առաջին՝ մինչև 1990-ականների վերջ, երբ սոցիալական պաշտպանության համակարգում իրավիճակային, օպերատիվ լուծում պահանջող խնդիրներն էին՝ երկրաշարժ, պատերազմ, որոնց պետք էր ճիշտ լուծումներ տալ: Հաջորդ փուլը մինչև 2009թ.-ն էր . այդ տարիներին ողջ աշխարհում և մեր երկրում զուգահեռ ընթացող տնտեսական ավելի լայն հնարավորությունները թույլ տվեցին սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացնել ամենատարբեր ծրագրեր՝ ուղղված սոցիալական խոցելի խմբերին: Վերջին փուլը սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով. վերջին տարիներին իրականացված քաղաքականության շրջանակներում հիմնական մարտահրավերները եղել են աղքատության նվազման, գործազրկության և արտագաղթի հետ կապված խնդիրների լուծումը»:
Նախարարը խոսեց նաև գալիք պլաններից՝ անդրադառնալով ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների ավտոմատացմանը. «Ծառայությունների ավտոմատացումը հնարավորություն կտա սոցիալական աշխատողին զբաղվել իրական աշխատանքով, աշխատանք՝ անձի, ընտանիքի հետ: Սոցիալական աշխատողն ու սոցիալական աշխատանքը համայնքային աշխատանք է: Ունենալով համայնքային սոցիալական ծառայություններ՝ մենք շատ ավելի հասցեական և նպատակային ենք դարձնելու մեր սոցիալական ծառայությունները: Ամենակարևորը, որ պետք է իրականացվի այս ոլորտում՝ դա գնահատված կարիքի հիման վրա համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն է»:
Կարդացեք նաև
Խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը . «Չլինելով սոցիալական ոլորտի մասնագետ, այլ որպես պատմաբան՝ հասկանում եմ, որ պետությունը կարող է գոյություն ունենալ միայն սոցիալական պաշտպանվածության ամուր համակարգ ստեղծելու պայմաններում: Մենք պետք է ստեղծենք այդ համակարգը հասարակության բոլոր խավերի համար, եթե չենք ուզում լինել այն վիճակի մեջ, ինչի մեջ որ սովետական Ռուսաստանն էր. առաջին հերթին սոցիալական տեսակետից»:
Գիտաժողովին ներկա՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ վստահեցրեց, որ սոցիալական պաշտպանությունը մարդու, հասարակության, պետության բաղկացուցիչ մասն է, որն իր մեջ ամփոփում է և՛ կրթություն, և՛ առողջապահություն և՛ սոցիալական ապահովություն. «Սոցիալական ապահովության ոլորտն, այն ոլորտն է, որտեղ պետությունը մեծ փողեր է ծախսում և արդյունքը քիչ է: Մենք ժառանգել ենք վատ սոցիալական ապահովության համակարգ, որտեղ ամբողջ նպատակը եղել է նախ քաղաքական ցուցադրությունը և երկրորդ՝ մարդկանց մեջ ավելին պահանջելու, ավելիին հասնելու միտքը սպանելը. հիմա փորձում ենք շեղվել այդ հոգեբանությունից: Սոցիալական աշխատողը պետք է կարողանա մարդուն հոգեկան ուժ տալ և սովորեցնել աշխատել: Սա բավական բարդ խնդիր է, բայց համոզված եմ, որ սոցիալական համակարգի աշխատողների և մեր վաղվա ուսանողների միջոցով մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել: Եթե ճիշտ գործիքներ ընտրենք, ապա կկարողանանք շուտ հասնել մեր նպատակներին, դրա համար սոցիալական պաշտպանության համակարգը պետք է լինի իրազեկող համակարգ»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ