«Ես, հանգամանքների բերումով, արդեն 16-րդ տարին է վերադարձել եմ մայրաքաղաք։ Մինչ այդ՝ 12 տարի, 90-ականների սկզբից մինչեւ 2000 թվականի օգոստոս ամիսն ապրում էի Գորիսում ու այնտեղ էի փորձում իրականացնել իմ ծրագրերը, մտահղացումները։ Դրանից հետո հարկադրաբար տեղափոխվեցի Երեւան»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։
Նա ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում եզրակացության է հանգել, որ ճիշտ կլինի, որպեսզի իր համախոհների հետ հիմնի մի մշակութային կենտրոն եւ բուռն գործունեություն ծավալի Սյունիքում. «Շատ լուրջ մարդկանց հետ խորհրդակցելուց հետո պատրաստել եմ ծրագրային դրույթներ։ Աստված տա` կարողանամ հիմնադրել այդ կենտրոնը եւ հենվելով մեր, մասնավորապես՝ սյունյաց հոգեւոր-մշակութային ժառանգության վրա, կարողանանք պահպանել եւ զարգացնել մեր հայրենի երկրամասը»։
Սամվել Հարությունյանը նշեց, թե հայտնի է, որ իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ լարված հարաբերություններ ու հակամարտություն է եղել մոտավորապես 25 տարի. «Ավելին ասեմ. սրանից մի 2-3 տարի առաջ հակամարտությունն էլ ավելի խորացավ եւ այն աստիճանի, որ դատական գործընթացներ սկսվեցին։ Սուրիկ Խաչատրյանը, հետո նրա հետ միասին երկու հոգի ինձ դատի տվեցին։ Ես էլ դատի տվեցի իրեն եւ այլոց։ 4 դատական գործընթաց էր ընթանում»։
Ըստ նրա՝ 2-ն արդեն ավարտվել են «ոչ ոքի» արդյունքով. «Չեմ ուզում ծավալվել այդ թեմայով, բայց դեկտեմբեր ամսին դատական երկար մարաթոնից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը զանգեց, հանդիպեցինք եւ առաջարկեցին, որպեսզի դատական այդ հակամարտությանը վերջ դնենք ու հանվեն այդ հայցերը։ Այդպես էլ եղավ։ Մենք էլ հանդիպեցինք, 17 տարի է առանձնազրույց չէինք ունեցել։ Հակասություններն այնքան շատ էին, որ մենք երբեւէ չէինք հանդիպել ու առանձնազրույց տեղի չի ունեցել»։
Կարդացեք նաև
Գորիսի նախկին քաղաքապետի եւ Սյունիքի մարզպետի միջեւ հանդիպումներ են եղել դեկտեմբերին, հունվարին եւ փետրվարին. «Բնականաբար հեշտ չէին այդ հանդիպումները, բայց բարեբախտաբար մենք չտրվեցինք էմոցիաներին։ Շատ լուրջ խոսակցություններ եղան։ Կա հասկացողություն, որ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլեւ կարող եմ գործունեություն ծավալել Սյունիքում։ Ծրագրերի մասին խոսք գնաց։ Թե ինչ հետագա ընթացք կլինի այդ հանդիպումներից հետո, չեմ կարող ասել»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ