Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի կոչն ընդդիմությանը՝ պայքարեք (Տեսանյութ)

Մարտ 15,2016 15:19

Այսօր խորհրդարան էին եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք մոտ մեկ ժամ ՀՀԿ խմբակցությունում քննարկում էին անցկացնում: Քննարկումից հետո Վիգեն Սարգսյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ քննարկում էին Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի հետ կապված հարցեր:

Լրագրողներն առիթն օգտագործեցին եւ հարցեր ուղղեցին Վիգեն Սարգսյանին`Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն բացելու եւ Ընտրական օրենսգրքի հետ կապված: «Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի կուսակցություն բացել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Իսկ ԸՕ-ի մասով, պարոն Սարգսյանը` ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման մասին հարցին, ասաց, որ դա մարդու իրավունքների խախտում է, որի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ. «Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է»:

Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`հիմա անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վիգեն Սարգսյանը հակադարձեց` անվստահության մթնոլորտի դեմ հարկավոր է պայքարել. «Պետք է պայքարենք այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»:

Մեկ այլ դիտարկմանը` ընդդիմությունն ու հանրությունը թերահավատություն ունեն և պահանջում են ընտրական ցուցակների հրապարակում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց`թերահավատությունը լավագույն բարեկամը չէ. «Ցուցակները հրապարակված են, դրանք շուտվանից գոյություն ունեն համացանցում, ռեգիստրը բոլորի համար բաց է: Այն համակարգերը, որոնք դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման համար: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդիկ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, բնականաբար, դժվարանում են այդ ցուցակների հետ որակյալ աշխատանք կատարել, սակայն դա չի կարելի ամբողջությամբ իշխանությունների վրա թողնել»:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ցուցակների հետ կապված հարկավոր է նայել դինամիկան. «Մենք մշտապես ցուցակների հետ խնդիրներ ունեցել ենք, սակայն 2012-2013 թվականի ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդները ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են և գտնվում են շատ ավելի հաջող վիճակում: Այնուհետև, հաջորդ ընտրությունների ժամանակ, սկսել է հայտնվել նոր ձևակերպում, որ կա ընկալում, թե ցուցակների հետ կա խնդիր: Ընկալումների դեմ պայքարելն ավելի դժվար է, քան փաստերի: Այսինքն, եթե չկան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, ովքեր չպետք է այնտեղ լինեն, եթե կան կրկնության դեպքեր, յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է գնալ: Դա քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն է: Դրա համար կան վստահված անձինք, կան հանձնաժողովի անդամներ, և այդ աշխատանքը պետք է կանոնակարգված ձևով անել: Ենթադրություններով, ընկալումներով առաջնորդվելու եղանակով շատ երկար ճանապարհ հնարավոր չէ անցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031