Ս.թ. մարտի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գ. Հարությունյանը մասնակցեց Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի նիստին, որում քննարկվեցին Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի օրակարգին ու աշխատանքների կազմակերպմանն առնչվող հիմնահարցեր:
Վենետիկի հանձնաժողովի ս. թ. մարտի 11-12-ի 106-րդ լիագումար նիստի շրջանակներում քսանից ավելի օրակարգային հարցերից առանցքային քննարկման առարկա էին Լեհաստանի Սահմանադրական տրիբունալին առնչվող ու Ռուսաստանի Դաշնության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը: Առանձնահատուկ նշանակություն տրվեց իրավունքի գերակայության հիմնական չափորոշիչների ցանկի վերաբերյալ զեկույցի հաստատման հարցին:
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստն անդրադարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համապատասխան եզրակացության նախապատրաստման խնդրին: Հանձնաժողովի անդամ պրն Եվգենի Տանչեւը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի սկզբին, սույն հարցով զեկուցողների անունից հայցեց Հանձնաժողովի թույլատվությունը` նախնական եզրակացությունը ներկայացնել մինչեւ հունիսյան լիագումար նիստը, ինչն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ընդգրկված էր նաեւ «Սահմանադրական մշտադիտարկման վերաբերյալ» հարցը: Այդ հարցով հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանը: Անդրադառնալով սահմանադրական մշտադիտարկման համակարգի կարեւորությանը, ներկայացնելով վերջերս լույս տեսած «Սահմանադրական մշտադիտարկում» մենագրության մեջ ամփոփված իր հետազոտության արդյունքները, անդրադառնալով սահմանադրական մշտադիտարկման չափորոշիչներին, մասնավորապես` ներկայացնելով կոռուպցիայի աճի հարցում ամբողջ աշխարհում տիրող ներկա մտահոգիչ իրավիճակը, կարեւորելով իրավունքի գերակայության ապահովման հարցում սահմանադրական մշտադիտարկման առանցքային նշանակությունը` պրն Գ. Հարությունյանը հանդես եկավ սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված համաեվրոպական խորհրդաժողով հրավիրելու նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
Պրն Գ. Հարությունյանը նշեց նաեւ, որ նման միջոցառում կազմակերպելու առնչությամբ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պրն Թ. Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն Գ. Ռայմոնդիի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոյի հետ, ովքեր կարեւորում են նման խորհրդաժողովի հրավիրումը:
Վենետիկի հանձնաժողովի անդամ պրն Ք. Գրաբենվարտերն իր ելույթում անդրադառնալով պրն Գ. Հարությունյանի առաջարկությանը, ընդգծելով նման նախաձեռնության կարեւորությունը` արտահայտվեց հօգուտ սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված համաեվրոպական խորհրդաժողովի անցկացմանը եւ կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում տվյալ հարցին առավել հետեւողական մոտեցման ցուցաբերումը:
Վենետիկի հանձնաժողովը, կարեւորելով հիմնախնդիրը, առաջարկեց պրն Գ. Հարությունյանին` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված «Իրավունքի գերակայության չափորոշչային ցանկը», նախապատրաստել տվյալ միջոցառման կազմակերպման հայեցակարգային մոտեցումները, առաջարկել դրա անցկացման ձեւաչափը, վայրը եւ ժամկետները եւ դրանք ներկայացնել հանձնաժողովի հունիսյան լիագումար նիստին:
Ս. թ. մարտի 12-ին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին հաջորդեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին Համաշխարհային խորհրդաժողովի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` ֆինանսական հաշվետվության քննարկման, Կազմակերպության աշխատանքային մեթոդների հստակեցման, մասնակիցների միջեւ ավելի սերտ համագործակցության հաստատման, ինչպես նաեւ Կոնգրեսների միջեւ ընկած ժամանակահատվածում տարածաշրջանային եւ լեզվական խմբերի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հնարավոր եղանակներին ու միջոցներին առնչվող հարցերը:
Բյուրոյի նիստում քննարկվեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի` 2017 թվականի սեպտեմբերին Վիլնյուսում կայանալիք Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Համաշխարհային խորհրդաժողովին անդամակցող սահմանադրական արդարադատության տարածաշրջանային եւ լեզվական խմբերը ներկայացրեցին տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ:
ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն