Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարկարով. «Ռուսաստանը կարողացավ Սիրիայում 10.000 քառակուսի կիլոմետր ազատագրել ահաբեկիչներից»

Մարտ 15,2016 14:24

«Մենք մի կողմից լսել ենք այն հայտարարությունները, որ Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին ներգրավվածությունը շարունակվելու է այնքան ժամանակ, ինչքան Իսլամական պետությունը ներկա կլինի եւ կշարունակի ահաբեկչական գործողություններն այնտեղ։ Մյուս կողմից, մենք երեք լսեցինք այլ հայտարարություն, որն, ըստ էության, կարող է մարդկանց տրամադրել ոչ թե այս ասածի դեմ, բայց բոլոր դեպքերում որոշ հակասություն է երեւում այս երկու մոտեցումների միջեւ»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ այսօրվանից ռուսական զորքերը սկսելու են դուրս հանվել Սիրիայի տարածքից։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ կա երկու մոտեցում. «Այն մարդիկ, որոնք օժանդակում են Ռուսաստանին, ասում են, թե Ռուսաստանը՝ շնորհիվ անցած տարվա աշնանից մինչեւ այս օրերն իրականացվող գործունեության եւ օրական մոտավորապես 2.5 միլիոն դոլար ծախսելով, 10.000 քառակուսի կիլոմետր ազատագրեց Սիրիայում եւ մոտ 200 բնակության վայրեր ազատվել են Իսլամական պետության ահաբեկչական խմբերից։ Նշվում է, որ Ռուսաստանն այժմ պատրաստ է որոշ չափով հետ կանգնել գործողություններից եւ նպաստել Շվեյցարիայում ընթացող բանակցային գործընթացին, որպեսզի այն հստակ արդյունքների բերի սիրիական տարբեր կողմերի համար»։

Քաղաքագետը նշեց, որ նման գործունեությամբ Ռուսաստանն ապահովեց Ասադի թիկունքը։ «Ասադը շարունակելու է հանդես գալ որպես սիրիական բեմահարթակի հիմնական դերակատարներից մեկը։ Ռուսաստանն ապահովեց այն դրույթը, որ Սիրիան շարունակելու է մնալ որպես մեկ միասնական պետություն։ Դրանից հետո Ռուսաստանը ոչ թե ռազմական այլ դիվանագիտական օժանդակության շնորհիվ կարող է օգնել Սիրիայի ներկա կառավարությանը»։

Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք դրական չեն վերաբերվում Ռուսաստանին կամ էլ հենց Վլադիմիր Պուտինին, այլ հանգամանքներ են նշում։ Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ նրանք հիմնվում են վերոնշյալ փաստերի վրա, սակայն տարբեր մեկնաբանություններ են ներկայացնում. «Ասում են, թե տեսեք-տեսեք, Ռուսաստանն ի վիճակի չէ այլեւս շարունակել ռազմական գործողությունները երկու ճակատով։ Մեկը սիրիական ճակատն է, մյուսն՝ Ուկրաինականը։ Իրենց համար շատ դժվար է գումար ծախսել Սիրիայում։ Իրենց վրա բացասական ազդեցություն են ունենում այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Արեւմուտքի կողմից»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031