Այսօր ԱԺ նիստում շարունակվում է Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն հանել: Բայց այն դեպքում, երբ ներկրողը ֆիզիկական անձ է եւ ներկրում է տարեկան ընդամենը 1 մեքենա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարակից զեկուցող Միքայել Մելքումյանին հարցրեց՝ եթե ԵՏՄ պայմանագիր ենք վավերացրել եւ միջազգային պայմանագիրն ավելի մեծ ուժ պետք է ունենար, քան ՀՀ-ում գործող օրենքը, ինչպե՞ս եք դրան վերաբերվում, փաստորեն ապօրինի գանձում է տեղի ունեցել մեր քաղաքացիներից. «Որեւէ տեղեկություն ունե՞ք վերջին կադրային տեղաշարժերը, մասնավորապես ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած փոփոխությունները կապ ունե՞ն սրա հետ: Գագիկ Խաչատրյանի լիազորությունների կրճատումը արդյոք որեւէ ձեւով կապվա՞ծ է այս իրավիճակի հետ: Եթե համաձայն եք, որ ապօրինություն է տեղի ունեցել, ոչ թե նպատակահարմարության իմաստով գումարները վերադարձնելու մասին է, այլ՝ ապօրինությունը վերացնելու, որը այսպես թե այնպես պետք է հանգեցնի գումարների վերադարձման»:
Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ պայմանագրով անցումային դրույթներ կային, որով որոշ ապրանքատեսակների հարկերը պետք է ժամանակի ընթացքում փոխվեին: Պետք է պայմանագիրը նայել, քննարկել: Չեմ ուզում ասել, որ Վալովայան պիտի անպայման ասեր, որ սա լիներ, չկա նման բան, որ մեր ՀՀ-ում չեն տիրապետում հարցին: Սա առիթ հանդիսացավ: Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի խնդրին, ես չեմ կարծում, որ տարանջատումը սրա հետ էր կապված: ՌԴ-ում հակառակն են հիմա մտածում, որ միացնեն ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությանը, հիմա նրանք անցնում են այդ ռեժիմին»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքման ժամանակ հեգնեց. «Հիմա գիտեք, քաղաքական նպատակահարմարության հարց է: Կարող է Գագիկ Խաչատրյանին հանեն, ՊԵԿ-ն ու Ֆիննախը նորից միացնեն: Դա, ըստ էության, իշխանության ներսի խնդիրն է»:
Կարդացեք նաև
Նա հարցրեց՝ գազը, նավթամթերքը ներկրելիս մենք ԱԱՀ վճարո՞ւմ ենք, թե՞ ոչ. «Հիմա մենք ավտոմեքենաների հարցն ենք քննարկում, բայց բազմաթիվ հարցեր են առաջանում ուրիշ ապրանքախմբերի հետ կապված: Հնարավո՞ր է անդրադառնանք նաեւ ուրիշ ապրանքախմբերի»:
Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ խոսքը միայն անձնական սպառման ապրանքների մասին է:
Գազի, նավթի եւ այլ խնդիրների ժամանակ անպայման ԱԱՀ-ի գործիքն է գործում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բա որ անձնական սպառման մասին ա խոսքը, ի՞նչ տարբերություն, թե էդ ավտոն որտեղից ա գալիս: