Մարտի 14-ին Նոյեմբերյանի սահմանագոտում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող, Էջմիածին քաղաքի բնակիչ Կամո Մարտիրոսյանը: Այսօր մեզ զանգահարեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի բնակիչ,որի ընտանիքի հետ մտերմություն է արել Կամո Մարտիրոսյանը: Նա ասաց, որ այսօր առավոտյան հուզված իրեն զանգահարել է մահացած զինվորի մայրն ու ասել, որ Կամոյից տեղեկություններ չկան:
Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչի վկայությամբ՝ 2014թ. աշնանը զորակոչված Կամո Մարտիրոսյանը համեստ ընտանիքի համեստ զավակ էր, 2 եղբայր եւ քույր ուներ:
Նոյեմբերյանցու վկայությամբ՝ զինվորը չի բողոքել ծառայությունից:
Մեր տվյալներով՝ գնդակը կոտրել է զինվորի կզակի ոսկորը եւ դուրս եկել գլխի հետևի մասից:
Կարդացեք նաև
ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ դեպքի մասին մեզ մանրամասներ հայտնել, ասելով, որ դեպքի վայրում քննիչները եւ ռազմական ոստիկանությունը աշխատանքներ են կատարում:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով` 14.03.2016թ.` ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կատարվել է դեպքի վայրի, Կ.Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ