Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը խոսել է Վրաստանում քաղաքական հնչեղություն ստացած ինտիմ սկանդալի վերաբերյալ։ Այս մասին գրում է Грузия Online ինտերնետային կայքը։
Հերմանի խոսքերով՝ անձնական կյանքն անձեռնմխելի է, և Եվրամիություն-Վրաստան համագործակցության առաջնահերթություններից է. «Հասարակությունը ցնցված էր այդպիսի նյութերի տարածումից։ Կարող եք համարել, որ ես էլ այդ ցնցված հասարակության մի մասն եմ։ Համաձայն եմ հասարակական այն կարծիքի հետ, որ անձնական կյանքը պետք է անձեռնմխելի լինի։ Անհրաժեշտ է նշել, որ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ԵՄ-Վրաստան համագործակցության առաջնահերթություններից մեկն է։ Անկեղծ ասած՝ չեմ ուզում ավելի շատ ծավալվել այս թեմայով։ Ուղղակի կասեմ, որ հասարակությունը ցուցաբերեց միասնություն։ Այս հարցի շուրջ միացյալ տեսակետ հայտնեցին քաղաքական շրջանակները, քաղաքացիական հասարակությունը, հասարակ քաղաքացիները, և ցանկալի է, որ առաջիկայում ևս այդպիսի դիրքորոշումը շարունակական լինի»։
Տեղեկացնենք, որ 2016թ. մարտի 11-ի երեկոյան Youtube.com կայքում ինտիմ բնույթի տեսանյութ էր հայտնվել։ Տեսանյութում երևացող կինը նման է եղել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեին։ Վրաստանի անվտանգության ծառայությունների խնդրանքով՝ Youtube ինտերնետային կայքը ջնջել է տեսանյութը։
Հիշեցնենք, որ Մայա Փանջիկիձեն հրաժարվեց ԱԳ նախարարի պաշտոնից 2014թ. նոյեմբերին։ Այժմ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Ալասանիայի և Ալեքսի Պետրիաշվիլիի հետ առաջնորդում է Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։