Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ
-Ընդդիմությունը չի դադարում կրկնել` ցուցակները հրապարակեք, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրեք, ու վստահությունը կբարձրանա: Գուցե պետք է ընդառա՞ջ գնալ, նաեւ այդ քայլով վերջ տալ կասկածամտությանը:
-Եկեք լինենք անկեղծ. ընդդիմության այդ ոճը վկայում է ոչ թե համագործակցության ու փոխըմբռնման, այլ ուլտիմատումի մասին: Թեեւ նման պահվածքը նորություն չէ, նման գործելաոճը մենք բազմիցս ենք տեսել:
Գիտակցելով, որ իրենց փաստարկները հիմնավոր չեն, որոշ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ամեն ինչ անում են մեր հանրության, ընտրողների շրջանում կանխավ բացասական վերաբերմունք, տրամադրություններ ձեւավորելու համար: Սա ընդդիմության քանիցս կիրառած հնարքն է: Եթե հիշում ենք, սահմանադրական հանրաքվեից առաջ եւս այդ հնարքը կիրառվեց:
Կարդացեք նաև
Այս գործելաոճը նախ եւ առաջ փաստում է, որ ընդդիմությունը հրաշալի հասկանում է, որ իր փաստարկները շատ թույլ են, հասկանում է, որ երկար տարիների ընթացքում կիրառած իր փաստարկների «զինանոցը» ընտրական օրենսգրքի բարեփոխումից հետո առհասարակ վերանալու է: Ցուցակների հրապարակման խնդիրը արմատական լուծում կստանա էլեկտրոնային համակարգի ներդրմամբ:
Ցուցակների հրապարակման հարցի մասին ընդդիմությունը տարիներով է խոսում: Բայց երբեւէ չեմ լսել, որ միջազգային որեւէ կազմակերպություն պաշտպանի այս առաջարկը: Ինչո՞ւ, որովհետեւ ցուցակների հրապարակմամբ նույնպես ոտնահարվում են մարդու իրավունքները:
Մարդու՝ ընտրությանը մասնակցել-չմասնակցելը նույնպես նրա իրավունքն է, այդ կերպ եւս նա կարող է արտահայտել իր վերաբերմունքն ընտրության նկատմամբ, եւ չի կարելի այն ոտնահարել: Քաղաքական պայքարի ընթացքում ընտրողների նախընտրությունների կոնֆիդենցիալության խախտումը նույնպես կարող է հանդիսանալ ընտրողի իրավունքի խախտում եւ անվտանգության խնդիր: Համենայն դեպս, միջազգային չափանիշները դա արժեւորում են: Առավել եւս, որ օրենսգրքի նախագծի մեջ ներառված են այլ հնարավորություններ առկա կասկածները փարատելու համար:
-Ընդդիմությունը ԱԺ ամբիոնից դարձյալ հնչեցրեց` իշխանության, ընդդիմության, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին: Կարծես թե սա էլ քաղաքական մեծամասնության սրտով չէ: Ինչո՞ւ:
-Ընտրական օրենսգիրքը տարբեր ժամանակներում ենթարկվել է բարեփոխումների, այդ փուլերում ստեղծվել են համագործակցության տարբեր մեխանիզմներ: Ինչն այսօր եւս շատ ենք կարեւորում: Բայց թե ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ ձեւաչափ կնախընտրվի այս անգամ` քննարկելու հարց է:
Բանն այն է, որ ընդդիմության այս առաջարկը միակ ճշմարիտը չէ, ավելին` այն պարունակում է թերի, վտանգավոր կողմեր: Օրինակ, ինչո՞ւ պետք է առաջարկվող հանձնաժողովում լինի հկ-ների չորս ներկայացուցիչ եւ ոչ թե հինգ կամ վեց: Դա մյուսների հնարավորությունների սահմանափակում չի՞ դիտվի:
Կամ` ինչպե՞ս որոշել, թե ո՞ր հկ-ներին պետք է տրվի նախապատվությունը: Կարող է, չէ՞, հարց հնչել` ինչո՞ւ այս 4-ը եւ ոչ թե մյուսը: Նման եւ այլ բազմաթիվ հարցեր անպայմանորեն կհնչեն, ու, այդ ամենը հաշվի առնելով, համոզված ասում ենք` հիշյալ առաջարկը խոցելի է ու վաղը նոր խնդիրներ է ստեղծելու, նոր ստվերներ է ի հայտ բերելու:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում