ՀԱԿ խմբակցությունը հրապարակել է իր տեսակետն ԸՕ-ի նոր նախագծի առնչությամբ և առաջարկում է «4+4+4» ձեւաչափով քաղաքական երկխոսություն սկսել։ Այսինքն, չորս ներկայացուցիչ իշխանությունից, չորսը՝ ընդդիմությունից, չորսն էլ՝ քաղաքացիական հասարակությունից։ Երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վերստին իր առաջարկը ներկայացրեց:
– Չե՞ք կարծում, որ դուք գործընթացը լեգիտիմացնում եք, այսինքն՝ ինչ-որ ձևաչափով մասնակցելով այդ քննարկումներին, միջազգային հանրության շրջանում տպավորություն եք ստեղծում, թե ընդդիմությունն իշխանության հետ ներգրավված է այդ աշխատանքներում։
– Նրանց արդեն լեգիտիմացնել հնարավոր չէ, այնքան շատ ընտրություններ են կեղծել։ Վերջին հանրաքվեն ողջ աշխարհի առաջ խայտառակություն էր։ Այնպես որ, այդպիսի մտավախություն չունենք։ Եթե մեր առաջարկները չեն ընդունում, ինչո՞վ ենք լեգիտիմացնում։
– Եթե նախապես գիտեք, որ ձեր առաջարկները չեն ընդունվելու, ինչո՞ւ եք մտնում այդ «գետը»։
Կարդացեք նաև
– Ո՞վ ասաց, որտե՞ղ է որոշված, որ չեն ընդունվելու։
– Եթե իշխանությունը Ձեր նշած այդպիսի «որակն» ունի, ի՞նչ երաշխիք կա, որ կընդունի ընդդիմության առաջարկները։
– Չհասկացա, բա այս ընդդիմադիր ուժերի համախմբումը, միջազգային հանրության ճնշումն ինչի՞ համար են՝ որ իշխանությունն այս առաջարկներն ընդունի։ Ես չեմ ասում, որ այս կռվում մենք անպայման հաղթելու ենք, ես ասում եմ՝ եկեք կռվենք, որովհետև այս դեպքում մեր հաղթանակի, իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար հնարավորություն է ստեղծվում։
– Եթե բոլոր ընտրությունները կեղծվել են, ինչի՞ վրա է ձեր հույսը, որ այս անգամ ա՞յլ կերպ կընթանա գործընթացը։
– Եթե համարեինք, որ այս գործընթացը ոչ մի իմաստ չունի, չէինք մտնի դրա մեջ։ Վերջին խայտառակ հանրաքվեից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, նոր մթնոլորտ՝ անհանդուրժողականություն իշխանությունների ընտրակեղծարարության նկատմամբ։ Եթե համախմբենք բոլոր ընդդիմադիր ուժերին և քաղաքացիական հասարակությանը, ստանանք միջազգային հանրության աջակցությունը, հնարավոր է այս իշխանություններին պարտադրել լուծումներ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում