Լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանը, որը համագործակցել է մի շարք պարբերականների հետ Հայաստանում եւ արտերկրում, հեղինակել եւ խմբագրել է 16 գիրք, մի շարք գիտական եւ լրագրողական հոդվածներ, եղել է Երեւանի Կովկասյան ինստիտուտի հիմնադիրներից մեկը: Նրա հետ այս հանդիպումը հարմար առիթ էր «Անծանոթ Երեւանի» մասին մեզ պատմող հաղորդման հեղինակից իմանալու, թե ինչպիսի՞ն է նրա տեսակետը «քանդվող Երեւանի» վերաբերյալ:
– Ինչպիսի՞ն է լինելու մեր քաղաքի տեսքն ապագայում։
– Բոլոր քաղաքներում կա պատմական կենտրոն, պատմական վայր, որից սկսել է զարգանալ տվյալ քաղաքը։ Բոլոր քաղաքներում այդ պատմական կենտրոնը փորձում են պահպանել։ Երևանի պատմական կենտրոնը դա գավառական ռուսական փոքրիկ քաղաքի կենտրոն էր։ Եթե մեզ հարցնեն ուզո՞ւմ եք պահպանել այդ փոքրիկ գավառական քաղաքի կերպարը, ես կասեմ՝ այո, ուզում եմ։ Ուզում եմ, որովհետև դա է մեր պատմությունը, դա է մեր քաղաքը, մենք չենք ունեցել ուրիշ պատմություն, չենք էլ ունենալու։
Ես, իհարկե, կուզենայի, որ Երևանի կենտրոնում լինեին գեղեցիկ պալատներ, մեծահարուստների հսկայական շենքեր, բայց չենք ունեցել, սա է մերը։ Ինչո՞ւ մենք պետք է մեր ունեցածից հրաժարվենք և հանուն ինչի՞։ Ես չեմ գտնում որևիցե մի շահ, փաստ, հանուն որի՝ արժեր հրաժարվել մեր պատմությունից։
Կարդացեք նաև
– Վերջերս համացանցում էր հայտնվել դերասանուհի Լալա Մնացականյանի հարցազրույցը, որտեղ կոչ կար՝ ուղղված Երևանն անխնա «քանդողներին»։ Ինչպե՞ս եք վերաբերվում նմանօրինակ բողոքի դրսևորումներին։ Եվ արդյո՞ք մեզ լսող կա։
– Ես Լալային ճանաչում եմ, չեք պատկերացնում, թե որ տարեթվերից, քանի որ մենք միասին սովորել ենք դպրոցում։ Մենք միասին խաղացել ենք դպրոցական թատրոնում։ Հիմա կասեմ մի բան, որը տպելիս, ես խնդրում եմ ճիշտ ակցենտներով վերարտադրեք։ Այն, ինչ-որ անում են Լալան և մեր սերնդակիցները, պիտի անեին երիտասարդները, որովհետև դա երիտասարդների կյանքն ու ոլորտն է։ Երիտասարդները պիտի լինեն ավելի ռադիկալ, ավելի պահանջող, ավելի համառ։ Դա այն դաշտն է, որը մեր երիտասարդները չեն լրացնում։
– Միգուցե երիտասարդները վստահ են, որ իրենց լսող չկա։ Կամ էլ՝ դա նրանց ուղղակի չի հետաքրքրում։
– Ես գիտեմ, որ հետաքրքրում է։ Բայց այդ ռադիկալությունը պետք է արտահայտվի։ Շենքը քանդելու ժամանակ գնալ բուլդոզերների տակ պառկելը, իրենց բողոքն արտահայտելը, ասելիքը տեղ հասցնելը… Այդ ամենն անողը պետք է առաջինն ուսանողությունը լինի։ Մեզ մոտ, չգիտես ինչո՞ւ, դա չունենք։ Ես չեմ կարող ասել պատճառները, բայց տեսնում եմ այդ լռությունը և մի քիչ մտահոգ եմ։
– Բայց այդ նույն երիտասարդությունն իրեն լավագույնս դրսևորեց «էլեկտրիկ Երևանի» օրերին։
– Այո, դրսևորեց և անցավ։ Ընդհանրապես արդարություն, հավասարություն պահանջելը, ձախակողմյան մոտեցումները պետք է գան ուսանողներից։ Եվ «էլեկտրիկ Երևանը» դա ապացուցեց։ Բայց ապացուցեց ու կորավ։ Եվ այդ բացը, որն այսօր պիտի լրացնեին ուսանողները, այսօր լրացնում են Լալան, Հրանտը Վարդանյան, Լիլիթը Պիպոյան…
Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում