Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել թուրք ժողովրդին և իշխանություններին՝ 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet լրատվական կայքը։
Խոսելով Անկարայում տեղի ունեցածի մասին՝ Մոգերինին ասել է. «Եվրամիությունն աջակցում է Թուրքիային և´ խոսքով, և´ գործով»։
Եվրոպացի դիվանագետն անդրադարձել է նաև Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK). «Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ևս մեկ անգամ կքննարկենք ահաբեկչական կազմակերպությունների հարցը։ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է։ Ես նկատի ունեմ ՔԱԿ գործունեությունը և´ Եվրամիությունում, և´ դրա սահմաններից դուրս»։
Տեղեկացնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը գործում է Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլն։ ՔԱԿ առաջնորդները երբեմն հրավիրվում են Եվրախորհրդարանի նիստերին։ Բելգիայում հեռարձակվում է Քրդական աշխատավորական կուսակցության հեռուստաընկերությունը։