ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս ընդդիմադիր բոլոր ուժերին համագործակցության առաջարկ արեց՝ մասնավորապես նշելով «Ազատ դեմոկրատներ», «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
– Պարոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր որոշ ուժերի, այդ թվում եւ ՀԱԿ-ին, համագործակցության առաջարկ է արել։ Արդյո՞ք առաջիկայում Ձեզ կտեսնենք միեւնույն հարթակի վրա, եւ Բագրատյանի՝ միասնական ճակատով իշխանափոխության հասնելու ցանկությունները, ըստ Ձեզ, իրականություն կդառնան։
– Չի բացառվում համագործակցությունը։ Հիմա խոսում ենք, բանակցում ենք, եւ եթե պետք լինի, անհրաժեշտ լինի, կանցնենք ավելի խորը համագործակցության։ Այս պահին չսահմանենք 15 հատ օրակարգ։ Մեկ օրակարգ կա՝ ամենակարեւորն ու առաջնայինը՝ պահանջների միասնական պլատֆորմ ստեղծել, հիմա դրա վրա ենք աշխատում։ Մենք որեւէ մեկի ցանկությամբ չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք մեր երկիրը զարգացման ուղու վրա դնելու անհրաժեշտությամբ եւ դրա համար ինչ-որ պետք է, կանենք։
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան
– Պարոն Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ համագործակցության առաջարկի հետ կապված ո՞րն է Ձեր դիրքորոշումը։
– Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը եւ մենք հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ այն իրականություն դարձնելու համար։ Առաջարկ եղել է Հրանտ Բագրատյանի կողմից ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության։ Մենք ընդդիմության համախմբմանը երբեք դեմ չենք եղել, բայց այստեղ կա շատ էական մի հարց։ Մենք գտնում ենք, որ համախմբումը եւ, ընդհանրապես, միավորումները պետք է լինեն բացառապես գաղափարական հենքի վրա, մնացած բոլոր տիպի միավորումները արհեստական են եւ ոչ արդյունավետ։ Անհնարին է պատկերացնել, թե ինչպես կարող են, օրինակ, սոցիալիստները եւ ազատականները համախմբվել։ ՀՀ-ում կան նաեւ այնպիսի քաղաքական ուժեր, որ իրենք էլ երբեմն չեն պատկերացնում, թե ինչ գաղափարախոսական հենքի վրա են գործում։
Թե ինչպիսի զարգացում կունենա Բագրատյանի առաջարկը, կարծում եմ՝ 1-2 ամիս հետո արդեն տեսանելի կլինի, որովհետեւ դեռ ժամանակ կա այլ քաղաքական ուժերի մոտեցումները լսելու։ Եւ ցանկացած քաղաքական ուժ, որը հստակ պատկերացումներ ունի իր անելիքների եւ մոտեցումների մասին, պետք է ձգտի իշխանափոխության, այլապես քաղաքական դաշտում նրա գոյությունը դառնում է անիմաստ։
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում