Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ըմբիշները գորգում միաժամանակ պայքարում էին մրցակցի եւ մրցավարի հետ

Մարտ 15,2016 10:53

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի
հավաքականը երեկ երեկոյան վերադարձավ տուն

«Զվարթնոց» օդանավակայանում մարզասերները երգ ու պարով դիմավորեցին չեմպիոն, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանին, փոխչեմպիոններ, 59 կգ Ռոման Ամոյանին, 98 կգ Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր, 75 կգ քաշային Կարապետ Չալյանին ու ամբողջ պատվիրակությանը:

Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հավաքականը թիմային հաշվարկում 33 երկրների պայքարում նվաճեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ռուսներին եւ իրենից ետ թողնելով Ադրբեջանին:

Ընդհանուր առմամբ, արդյունքները բավարար են, բայց կարող էինք ավելի շատ մեդալ ունենալ: Այ, այստեղ իրենց իսկապես սեւ գործն արեցին մրցավարները: Նրանք փորձում էին ամեն բան անել մեր ըմբիշներին ճանապարհի կեսից դուրս թողնելու համար: Եվ դա նրանց ինչ-որ չափով հաջողվեց: Օրինակ, Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերից մեկում եթե արդար վարվեին, մեր ըմբիշը ժամանակից շուտ կհաղթեր 8-0 հաշվով, սակայն մրցավարները հասան այն բանին, որ Մաքսիմը պարտվեց 6-11: Առավել խայտառակ ընթացավ եզրափակչի՝ Արթուր Ալեքսանյան եւ Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) գոտեմարտը, որի ժամանակ ռեֆերին արագ կարգով աշխարհի մեր կրկնակի չեմպիոնին այսպես կոչված պասիվության համար «դրեց» չորեքթաթ դիրք, իսկ հետո ոչ մի կերպ չցանկացավ տեսնել ամբողջ 3-4 րոպե ռուս ըմբիշի անգործությունը գորգում: Անգամ հանդիսատեսի սուլոցները չէին ազդում նրա վրա:

ymbish-1

Մրցավարներն իրենց մտքինը կատարելու համար մշակել են շատ նուրբ համակարգ, որը շարքային մարզասերին տեսանելի չէ: Իրենց հովանավորյալին աջակցելու համար սկզբում ձեւականորեն երկու ըմբիշներին էլ դիտողություն են անում, հորդորում են ակտիվ լինել, բայց շատ արագ պատժում են «զոհին»՝ նրան չորեքթաթ դրություն նստեցնելով: Դա նրա համար է, որ ըմբիշները սկզբում դեռ ուժեր ունեն եւ քրտնած չեն: Իսկ դա վերեւից աշխատողին միավոր վաստակելու մեծ շանսեր է տալիս: Ճիշտ է, պատահում է, չորեքթաթ դիրքով «պատժում են» նաեւ մյուսին, բայց դա էլ հաշվարկված է. մրցակիցն արդեն վատնել է ուժերի հիմնական պաշարը եւ «պատժված» կոչվածն էլ՝ քրտնած: Բռնվածք անելը նման դեպքերում դժվար է: Եվ քանի որ նման մրցումներում պատահական ըմբիշներ չկան, հնարավոր է լինում պաշտպանվել: Մրցավարական այդ խարդավանքները օրերս իր ֆեյսբուքյան էջում շատ լավ նկարագրել է Արսեն Ջուլֆալակյանը, որն իր հերթին մեկ անգամ չէ տուժել:

Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Վարշամ Բորանյանը, որին որպես կանոն միշտ ինչ-որ բան խանգարել է: Իսկ Ռիգայում, ինչպես ինքն ասաց օդանավակայանում, Աստծո օգնությամբ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Իսկական մարզիկի հրաշալի օրինակ ցույց տվեց 32-ամյա Ռոման Ամոյանը: Այդ տարիքի ըմբիշներին սովորաբար հաշվի մեջ չեն համարում: Բայց Ռոմանը տեւական վնասվածքներից ու մրցավարական հետապնդումներից հետո իր մեջ ուժ գտավ ու վերադառնալով՝ կանգնեց պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին:

Գերազանց հանդես եկավ նաեւ Կարապետ Չալյանը, որը փոխարինում էր բազմափորձ Արսեն Ջուլֆալակյանին: Կարապետը վերջին երկու գոտեմարտերում առավելության հասավ թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ ու արժանիորեն դարձավ բրոնզե մեդալակիր:

Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ մեր ըմբիշներից էլ անհաջող հանդես եկող եղավ: Խոսքը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ուղեգիր նվաճած եւ Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի մասին է, որից միայն ոսկի էինք սպասում:

Լեւոն Ջուլֆալակյանը օդանավակայանում լրագրողներին հայտարարեց՝ առաջին անգամ չէ, որ մեր ուժեղագույն ըմբիշների հետ այդպես են վարվում: Հետեւաբար, պետք է այնպես պատրաստվել, որ երկու գլուխ բարձր լինեն մրցակիցներից ու մրցավարներին կողմնակալության ոչ մի շանս չտան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031