Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ ենք արել, աչքներն էլ հանել ենք». ԶԼՄ ներկայացուցիչների վկայականներ տրամադրած Լեւոն Բարսեղյան

Մարտ 14,2016 23:00

«Տարիներ առաջ, երբ իշխանությունները մտցրին դիտորդների քննություն հանձնելու համակարգը ու պարտադրեցին, որ գնանք Մուկուչյանի մոտ քննություն հանձնենք, ստիպված եղանք օգտագործել ԶԼՄ ներկայացուցչի կարգավիճակ, որը նախատեսում է օրենքով առանց քննություն հանձնելու հսկել ընտրությունները: Տո լավ ենք արել, աչքներն էլ հանել ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի (ԸՕ) նախագծով նախատեսված սահմանափակումներին:

Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են սահմանափակումներ լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների աշխատանքում:

Այսինքն, եթե նախագիծը այս տեսքով հաստատվի, ապա 2017 թվականի ընտրություններին ընտրատեղամասերում աշխատելու հնարավորություն կունենան միայն սահմանափակ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և դիտորդներ։ Ընտրական նոր օրենսգրքի հոդված 65-ի 7-րդ կետի համաձայն՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ինչը, որպես այդպիսին, սահմանափակում է թե´ լրագրողների, թե´ դիտորդների աշխատանքը:

Հիշեցնենք, որ ընտրությունների եւ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Ասպարեզ» ակումբի, ilur.am կայքի, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչների վկայականներով բազմաթիվ անձինք էին տեղամասերում պտտվում, նրանց մի մասն էլ ներկայանում էր օպերատոր եւ լրագրող:

«Երեք տարի է՝ բացատրում եմ, մարդիկ չեն հասկանում, «Ասպարեզ» ակումբը լրագրողի վկայական չի տվել որեւէ մեկին, ով ասում է, ստում է: «Ասպարեզ» ակումբը տվել է օրենքով նախատեսված ԶԼՄ ներկայացուցչի վկայական: ԶԼՄ ներկայացուցիչ կարող է լինել նույնիսկ Սերժիկ Սարգսյանը փոխադարձ ցանկության դեպքում: Օրենքից  խոսողները կամ դիտավորյալ են նենգափոխում պատմությունը կամ տգետ են: ԶԼՄ ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած մարդ: Ես տվել եմ մոտ 700-800 ԶԼՄ ներկայացուցչի վկայական վերջին հանրաքվեի ժամանակ, դրանից առաջ ընտրությունների ժամանակ 200-300 հոգու անձամբ՝ որպես խմբագիր, լիազորել եմ ԶԼՄ-ից լինել որպես իմ ներկայացուցիչ:

Եթե ես ուզում եմ ԶԼՄ-ի կողմից հսկել ընտրությունները՝ ինչ է տեղի ունենում, մեր օրենքը շատ վաղուց այդ հնարավորությունը տալիս է. ներկայացուցիչ ուղարկել տեղամաս, լինի լրագրող, թե ոչ: Ենթադրենք՝ հարյուր ԶԼՄ ուզում է հսկել այդ ընտրությունը, իրավունք ունի՞, թե՞՝ ոչ: Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը:

Եթե իշխանությունն այնպես աներ, որ մենք այդ օրը չուզենայինք դա անել, անհամեմատ լավ կլիներ մեզ համար: Իշխանությունները տարիներ շարունակ ամեն ջանք արել են, որ կեղծեն ընտրությունները, կեղծարարներին չդատեն ու ուզում են, որ մենք էլ հետաքրքրություն չունենա՞նք այդ կեղծիքների հսկելու առումով»,- ասաց պարոն Բարսեղյանը:

Նա անհեթեթություն որակեց ԸՕ նախագիծը ու վստահեցրեց. «Մենք հսկելու ենք այսպես թե այնպես: Ինչքան էլ փորձեն ԶԼՄ-ների ու հ/կ-ների հետաքրքրությունը նվազեցնել արհեստականորեն, մեր հետաքրքրությունը դրանից չի նվազելու: Թող փորձեն պատճառաբանել, թե իբր ներսում տեղ չկա…եթե իշխանությունն ապահովում է ինձ համար բավարար ընդունելի վերահսկողություն, օրինակ` ընտրության մասնակիցների ցուցակներն է հրապարակում, բոլոր տեղամասերից հինգ տեսախցիկով մանրամասն տեսահսկողություն է հեռարձակում ինտերնետ, տեսաձայնագրում ու պահպանում է որպես օրենքով սահմանված տեղեկություն, ես հնարավոր է ոչ մեկին չուղարկեմ տեղամասեր: Եթե արգելակում է ու հրամայում է՝ միայն հարկեր վճարեմ ու ինքը ուտի ու ընտրությունները կեղծի, ուրեմն կշարունակվի ուժեղ վերահսկողությունը:

Եթե հանկարծ բախտները փորձեցին ինչ-որ թվով սահմանափակել ԶԼՄ-ների ու դիտորդների ներկայությունը տեղամասերում, այնտեղ խցկեցին իրենց մերձավորներին, արյունակիցներին ու իրենցից սնվողներին, մեզ ուրիշ բան չի մնում անել, քան թեկնածու առաջադրել տարբեր մարզերում իմ համախոհներին ու վստահված անձանց ուղարկել տեղամասեր, որ գոնե վստահված անձանցով հսկենք ընտրությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031