Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը չմտաբերեց ակտիվիստին բերման ենթարկելու դեպքի մանրամասները

Մարտ 14,2016 22:22

Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Արման Ավետիսյանի գործով դատաքննությանն այսօր Վարչական դատարանում հարցաքննվեց երկու վկա՝ ակտիվիստին բերման ենթարկած ոստիկանն ու ակցիայի այլ մասնակից՝ ակտիվիստ Արսեն Ադամյանը:

Արման Ավետիսյանին բերման ենթարկած ոստիկանության աշխատակից Ղազարյանը հարցաքննության ժամանակ բերման ենթարկելու վերաբերյալ գրեթե ոչ մի մանրամասն չմտաբերեց: Ոստիկանը պատմեց, որ ինքը վարորդ է եղել ու իրեն կապի միջոցով են տեղեկացրել բողոքի ակցիայի մասին, ու վերադաս մարմինը պահանջ է ներկայացրել, որ ինքը եւս միանա ակցիային ու ծառայություն իրականացնի:

Արման Ավետիսյանի փաստաբան Սերգեյ Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ մեկ այլ գործով այս նույն վկային հարցաքննելիս,  նա հայտնել էր, որ ինքը պարզապես օրակարգում գտնվելով է եկել է բողոքի ակցիայի վայր, այլ ոչ թե վերադասի հրամանով:

«Այստեղ հակասություն կա, այդ հակասությունը դնելու ենք մեր ամփոփիչ ճառի, առարկությունների հիմքում: Ոստիկանի տված ցուցմունքները որեւէ կերպ չեն կարող արժանահավատ ցուցմունք լինել»,- ասաց փաստաբանը:

Ակտիվիստ Արսեն Ադամյանն էլ Արման Ավետիսյանի հետ դեպքի օրը բերման է ենթարկվել ոստիկանություն նույն ակցիայից, նրանք երկուսն էլ նույն  բաժանմունքում են եղել ու նույն ժամին էլ  ազատ են արձակվել: Հարցաքննվող ակտիվիստը պատմել է, որ Արմանը ոստիկանությունից դուրս է թողնվել 15:40-ին, այն ինչ ոստիկանության գրանցամատյանում ազատ արձակման այլ ժամ է նշված:

«Մենք ապացուցեցինք, որ Արման Ավետիսյանին անօրինական երեք ժամից ավելի են պահել ոստիկանությունում, այնինչ երեք ժամն էլ է խախտում, մեկ ժամ պետք է պահեին, որովհետեւ բերման ռեժիմ էր կիրառվել: Խախտվել է իմ վստահորդի անձնական կյանքի անձեռնմխելիության, ազատության  իրավունքը»,- ասաց փաստաբանը:

Ի դեպ, ակտիվիստի պաշտպանը միջնորդել էր, որ հարցաքննվեն զեկուցագիր կազմողն ու զեկուցագրում նշված նույն գործողություններին մասնակցած այլ ոստիկաններ, բայց պարզվեց, որ հարցաքննվեց ընդամենը բերման ենթարկած վարորդը:

Ակտիվիստի գործը դատական վիճաբանությունների փուլ մտավ, նիստը հետաձգվեց՝ նշանակվելով մարտի քսանին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Արման Ավետիսյանին 50 հազար դրամի չափով ենթարկել պատասխանատվության: Արման Ավետիսյանը դիմել է հակընդդեմ հայցով՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները եւ պատասխանողից հօգուտ հակընդդեմ հայցվորի դատական ծախսերը, այդ թվում փաստաբանի խելամիտ վարձատրությունը բռնագանձել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031