Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների՝ այլընտրանքային ծառայության իրավունքը 2004 թվականից խախտվում է

Մարտ 14,2016 21:30

Այլընտրանքային զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքը խտրական վերաբերմունք  է առաջացրել Հայաստանի քաղաքացիների հանդեպ: Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, վերջին իննը տարվա ընթացքում զինծառայությունից հրաժարվելու համար քրեական հետապնդման ենթարկված ու ազատազրկված «Եհովայի վկաների» թիվն անհամեմատ քիչ է կառավարության որոշմամբ զինվորական ծառայությունից ազատված Առաքելական եկեղեցու սպասավորների թվից:

«Ստացվում է՝ մեկին համոզմունքների համար դատապարտում են, մյուսին համոզմունքների հիմքով զինծառայությունից ազատում: Նման խտրական  վերաբերմունքն ավելի մեծ չարաշահման խնդիր է»,- այսօր Այլընտրանքային զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքի իրականացումն ու նպատակները թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա, օրենքի ընդունումը պայմանավորված էր Հայաստանի՝  ԵԽ անդամակցությամբ. «Եթե այդ անդամակցությունն էլ չլիներ, օրենքի ընդունումը էական նշանակություն ուներ, որովհետեւ Հայաստանում շատ քաղաքացիներ կան, որոնք իրենց համոզմունքներով որոշակի վերապահում ունեն զինվորական ծառայության, զենքի հանդեպ: Այդ մարդկանց զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները չպետք է լուծվեն քրեական հետապնդման կամ ազատազրկման մեթոդով՝ այն, ինչ միշտ արվում էր: ԵԽ անդամակցությամբ իշխանություններն էլ են վերցրել պարտավորություն Հայաստանի  քաղաքացիների առջեւ, որ պետք է ապահովեն խղճի, դավանանքի մարդկային  իրենց այլընտրանքային ծառայության իրավունքը:

Օրենքը ընդունվեց  2004-ին, բայց մինչեւ  2013-ը չէր գործում, որովհետեւ չէր համապատասխանում այլընտրանքային ծառայության չափանիշներին: Մասնավորապես, պետք է  լինի զուտ քաղաքացիական ծառայություն, ծառայության պայմանները պատժիչ նշանակություն չունենան, ծառայությունն անցկացվի  միայն քաղաքացիական ինստիտուտների վերահսկողությամբ: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ ազատազրկվեցին այդ չաշխատող օրենքի պարագայում եւ քրեական պատասխանատվության ենթարկվեցին, որովհետեւ չէին կարողանում օգտվել ու նրանց նկատմամբ հետապնդումն իրականացվում էր զինվորական ծառայությունից խուսափելու հիմնավորմամբ:

ՄԻԵԴ-ում ՀՀ վերաբերյալ մի շարք վճիռներով, հատկապես վերջին՝ Բայադյանն  ընդդեմ ՀՀ-ի շատ հստակ գնահատական տրվեց , որ ՀՀ-ն խախտում է քաղաքացիների այլընտրանքային ծառայության իրավունքը, խղճի, համոզմունքների, դավանանքի իրավունքը:

Դեռեւս օրենքը ամբողջովին չի համապատասխանում այլընտրանքային ծառայության սկզբունքներին: Մասնավորապես օրենքը չի ճանաչում ծառայության մեջ գտնվող անձի իրավունքը փոխելու իր համոզմունքները: Մարդը  կարող է այլընտրանքային ծառայության դիմում գրի նաեւ զինվորական ծառայության մեջ գտնվելու ընթացքում»:

Մեր հարցին, իսկ դա չի՞ առաջացնի կամայական սկզբունք, որ ով երբ ուզենա խուսափի կամ նախընտրի այլընտրանքային ծառայությունը, պարոն Սաքունցն ասաց. «Օրենքի ընդունման ժամանակ նման մտահոգություններ էին արտահայտվում, որ այս օրենքը դեմ է ազգային անվտանգության, պետական շահերին, կարող է շահարկման առիթ հանդիսանալ, բայց  2013-ից մինչեւ հիմա նման մտահոգություններ չարաշահումների վերաբերյալ չկա: Այնպես, ինչպես մասսայաբար չդիմեցին այլընտրանքային ծառայության, այնպես էլ զինվորական ծառայության ժամանակ չեն դիմի այլընտրանքային ծառայության»:

Պարոն Սաքունցն ասաց, որ չգիտի որեւէ մեկին, որը այլընտրանքային զինծառայության անցած լինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031