Մարտի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ԼՀ Սեյմի նախագահի տեղակալ Ռիչարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Վլոդժիմերժ Բերնացկին և Սեյմի միջազգային հարաբերությունների վարչության պետ Բոգդան Յանովսկին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական բարեկամության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը կարևորեց Լեհաստանի խորհրդարանում Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ձևավորման որոշումը` վերահաստատելով հայկական կողմի՝ տվյալ հարթակում համագործակցության խորացման պատրաստակամությունը: Այս համատեքստում Ռիչարդ Տերլեցկին նշեց, որ առաջիկա օրերին ձևավորվելիք խումբը նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանականների կանոնավոր և պարբերական շփումներին ու փոխգործակցությանը:
Դեսպան Ղազարյանն իր շնորհավորանքները հղեց Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց այդ կապակցությամբ կազմակերպվող պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հրավիրելու համար: ԼՀ Սեյմի նախագահի տեղակալը, իր հերթին, կարևորեց Հայաստանի` իբրև առաջին քրիստոնեական երկրի, պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառումներին:
ՀՀ ԱԳՆ