«Շատ դժվարությամբ այն կարելի է նախագիծ համարել։ Ինձ շատ զարմացնում է այն ծավալն, այն բարդությունը, որը ներառել է իր մեջ Ընտրական օրենսգիրքը. 120 էջից ավելին։ Անհասկանալի է։ Հազարավոր տարիների մշակույթ ունենք, գրականություն ունենք, լեզու ունենք, մտածելակերպ ունենք եւ չենք կարողանում միտքը հակիրճ ձեւակերպել»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
Սա Լյովա Խաչատրյանի համար ոչ հայեցի մտածելակերպի օրինակ է. «Եթե ադրբեջանցիք այդպես անեին, ես կհասկանայի։ 15-20 տարվա պետություն են. ոչ լեզու ունեն, ոչ իրենց տառերն ունեն եւ այլն։ Բայց մեզ դա հարիր չէ։ Սրանից կարելի է լավ Ընտրական օրենսգիրք սարքել։ Դրա համար շատ բան պետք չէ։ Պարզապես պետք է սիրել այս երկիրը։ Քթի ծակ է պետք եւ սոսինձ»։
Նա առաջարկում է 120 էջից բոլոր ավելորդ բաները կտրել քցել, սոսինձել եւ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, լավ օրենսգիրք կստացվի. «Ես ինքս պատրաստ եմ 2-3 օրում դնել, կտրել, սարքել օրենսգիրք, որը լայն հասարակության կողմից կընդունվի։ Շատ կետեր կան, որոնք պետք է հանել։ Կարելի է ժամերով դրա մասին խոսել եւ կպարզվի, որ այնտեղ Ընտրական օրենսգիրք գոյություն չունի։ Բացերը շատ են»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ փաստաթղթի անունն Ընտրական օրենսգրքի նախագիծ է։ «Այն, բնականաբար, զերծ չէ թերություններից եւ բացթողումներից։ Նախագիծը նրա համար է, որ դա քննարկվի, տարբեր կարծիքներ եւ առաջարկություններ լինեն ու այն մաքրվի»։
Կարդացեք նաև
Նա համակարծիք է Լյովա Խաչատրյանի հետ, որ նախագծում կան բովանդակային եւ լեզվամտածողական խնդիրներ. «Ես չեմ վիճում, որ այդպիսի խնդիրներ կան։ Բայց հարցին պետք է երկու կողմից նայել. բովանդակային եւ տեխնիկական ու չխառնել իրար։ Եթե տեխնիկական թերություններ կան, կուղղվեն։ Ես ավելի շատ կուզեի բովանդակային քննարկում տեղի ունենար։ Ես համոզված եմ, որ նույն նախագիծը հենց Հանրապետականի խմբակցությունում լուրջ փոփոխությունների կենթարկվի»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ