Ազգային ժողովում մարտի 11-ին գումարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, դիտորդներ: Արտագնա նիստից հետո Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նարիշկինը հանդես են եկել հայտարարություններով:
Մարտի 14-ին «Սպուտնիկ Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնը արտագնա նիստի արդյունքները ամփոփող Երեւան-Մոսկվա տեսակապ էր կազմակերպել: Տեսակապի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնին ասաց, որ արտագնա նիստի օրակարգում կար 14 հարց, սակայն նա կարեւորում է այդ հարցերից 3-ը՝ միջազգային ահաբեկչության հակազդեցությունը, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները եւ Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակներում:
«Փաստորեն, մենք վերադարձանք անցած տարի սեպտեմբերի 15-ի Տաջիկստանում մեր երկրների նախագահների հայտարարությանը: Երբ հստակ մատնանշել են 21-րդ դարի ժանտախտին հակազդող դեղամիջոցը: Եթե 20-րդ դարի ժանտախտը ֆաշիզմն ու նացիզմն էին, ապա 21-րդ դարինը ահաբեկչությունն է: 3 գործողություններ են՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումն է, ահաբեկիչների օգնության եւ ֆինանսավորման ալիքների արգելափակումը, եւ երրորդը՝ մեր հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների համագործակցությունը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Անատոլի Վիբորնիի խոսքերով՝ այս տարի ՀԱՊԿ-ի գլխավոր օրակարգում գլխավոր խնդիրը ահաբեկչությունն է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ