ԱԺ-ում աննախադեպ հաճելի մթնոլորտ է: Ընդդիմադիր Հրանտ Բագրատյանը ծափահարում է իշխանության բերած օրենսդրական նախաձեռնությանը:
Խոսքը «Ավելացած արժեքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որի նպատակն է ԵՏՄ տարածքներից ֆիզիկական անձանց ավտոմեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ-ն հանել:
Կառավարությունը ոչ միայն հավանություն է տվել նախագծին, այլեւ ցանկացել լինել համահեղինակ: Հրանտ Բագրատյանը նույնպես ցանկացավ, որ ինքն էլ ստորագրի օրենքի տակ: Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքն էլ է այդ առաջարկն արել կառավարությանը, բայց ֆինանսների նախարարությունը պատասխանել է, որ բյուջեի վրա դա կծանրանա, տակից չեն կարող դուրս գալ:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ քաղաքացու արժանապատիվ ապրելը, կենսամակարդակն ավելի կարեւոր է, քան բյուջեն: Հրանտ Բագրատյանը սկսեց ծափահարել:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանն առաջարկեց, որ նրանք, ովքեր 2015-ին մեքենա են բերել, նրանցից էլ իրավունք չունեն գանձել, գուցե տոկոսային արտոնություն տան: Նա նաեւ հարցրեց, թե ինչո՞ւ մեկից ավելի մեքենա բերելու դեպքում ԱԱՀ պետք է գանձվի: Վարդան Այվազյանը պատասխանեց, որ սա արդեն դա դիտարկվում է որպես առեւտուր, բիզնես՝ բերում են վաճառելու համար: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը չհամաձայնեց. «Մեկից ավելի մեքենա բերելը դա դեռեւս առեւտրային բիզնես չէ եւ ցուցիչ չի ձեռնարկատիրական գործունեության. «Քաղաքացին կարող է գնել 2, 3, 4 մեքենա՝ անձնական օգտագործման: Մենք կիսատ լուծումներ ենք տալիս, առաջանում են ստվերներ: Բա ինչո՞ւ են մորքուրների, հորքուրների անուններով մեքենա բերում, որովհետեւ այն, ինչ չեն կարողանում իրենց անունով մաքուր, ազնիվ անել, փորձում են ինչ-որ ճանապարհ գտնել»:
Տիկին Նաղդալյանն առաջարկեց այլ լուծումներ գտնել: Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, որ եթե մարդը 1 տարվա մեջ 2 ավտոմեքենա է գնում եւ իրացնում, դա արդեն իսկ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
–Վարդան Այվազյանը պատասխանեց, որ քաղաքացու արժանապատիվ ապրելը, կենսամակարդակն ավելի կարեւոր է, քան բյուջեն:–
Բա որ էդքանը հասկանում ու ընդունում եք, ԲՈԼՈՐ անուղղակի հարկերը հանեք, գույքահարկ, ԱԱՀ, այ էդ ժամանակ կհասկանանք, որ անկեղծ եք, այ էդ ժամանակ լիքը հարց լուծված կլինի քաղաքացիների համար ու կտեսնեք, թե երկիրը ոնց կծաղկի ու մարդկանց դժգոհությունը ոնց կնվազի:
–Տիկին Նաղդալյանն առաջարկեց այլ լուծումներ գտնել: Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, որ եթե մարդը 1 տարվա մեջ 2 ավտոմեքենա է գնում եւ իրացնում, դա արդեն իսկ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն:–
Է մի համարեք: Դուք չե՞ք համարողը: Ոնց որ Աստված ա ըտենց համարում: Ո՞վ ա ձեզ խանգարում, որ էլ ըտենց չհամարեք: