«Էլեկտրոնային համակարգը բավարար է»,- մարտի 14-ին «Մեդիա կենտրոնում» քննարկման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` քաղաքացին, երբ նույնականացման քարտով քվեարկում է կանաչ լույս է վառվում, եւ նա այլեւս ոչ մի ընտրատեղամասում չի կարող քվեարկություն կատարել. կարմիր լույս կվառվի:
«Դավիթ Հարությունյանին լսե՞լ եք»,- բացականչեց քննարկմանը ներկա «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
«Ոչ միայն լսել եմ, այլեւ վերջին մի քանի օրը Դավիթ Հարությունյանի հետ մենք քննարկումների մեջ ենք»,- պատասխանեց Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
«Տեղամասներն իրար հետ կապված չեն լինելու»,- ասաց Զեյնալյանը:
«Հենց այդ է, դա լավ է, որ կապված չեն լինելու»,- պատասխանեց Մարտիրոսյանը:
«Ի՞նչ է նշանակում դա լավ է: Դա նշանակում է, որ այս մի տեղամասում եկավ նույնականացման քարտով քվեարկեց, մյուս տեղամասում կանաչ լույս ունի: Այդ կանաչ լույսը վառված է արդեն իր համար»,- ասաց Զեյնալյանը:
«Դե լավ էլի: Էլեկտրոնայինը էլեկտրոնային է, հիմա մենք 21-րդ դարում ենք: Դա էլ ենք քննարկելո՞ւ: Սրանով հարցը լուծվում է վերջնականապես: Ղրղըզստանը այնպիսի երկիր է, որ մեզնից ցածր վստահության հասարակություն է, բացարձակապես: Այդ համակարգն ընդունվել է, մեր գործընկերները գնացին տեսան, ընտրություններին մասնակցեցին, հիացած վերադարձել էին: Էլեկտրոնային քվեարկությունը էլեկտրոնային քվեարկություն է, վերջ: Մասնագետը նստած է, ընդդիմադիր թո՛ղ լինի այդ մասնագետը, կոճակ սեղմող է ընդամենը: Սթիվ Ջոբսը նստած չի լինելու, այդտեղ բարդ խնդիր չկա: Ամեն գյուղում այդ մասնագետը կգտնվի»:
Արտակ Զեյնալյանն այս անգամ իր հարցը ուղղեց ոչ թե Լեւոն Մարտիրոսյանին, այլ ընթերցողին. «Հավատո՞ւմ եք, որ 500-600 հազար հավելագրում չի անելու իշխանությունը»: Սակայն Լեւոն Մարտիրոսյանը այսպես պատասխանեց. «Հավատո՞ւմ եք, որ բոլորը հարուստ են լինելու, երջանիկ եւ երիտասարդ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ