«Ընտրողների ցուցակները հրապարակելը հարցի լուծում չի եղել երբեւէ եւ հիմա էլ ակտուալ չէ »,- մարտի 14-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպված քննարկման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանը ո՛չ ընդունել, ո՛չ էլ արգելել է, այլ պարզապես 5 տարի առաջ ընդունել է ԱԺ պատգամավորների դիմումը եւ կայացրել է վճիռ՝ ասելով, որ համաձայն չէ պատգամավորների հետ, որ այդ դրույթը հակասում է Սահմանադրությանը. «Չհրապարակելով կամ հրապարակելով մենք որեւէ խնդիր չենք լուծելու, որովհետեւ սրանում չէ խնդիրը: Հասկանալի է՝ մարդիկ դիմել են՝ ցանկություն ունենալով ապահովել ազատ, արդար ընտրություններ, սա է մեր տասնամյակների պահանջը: Հիմա այդ հարցը լուծվում է ընտրական օրենսգրքով եւ այդքան էլ ակտուալ չէ»:
Քննարկմանը ներկա էր նաեւ «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության անդամ Արտակ Զեյնալյանը: Նա հայտարարեց՝ «Ձեզ չենք հավատում»:
«Մի՛ հավատացեք»,- պատասխանեց Լեւոն Մարտիրոսյանը: «Դա շատ վատ է, որ ասում եք՝ մի՛ հավատացեք: Ձեզ հասարակության գերակշռող մեծամասնությունը չի հավատում»,- ասաց Զեյնալյանը:
Կարդացեք նաև
«Սահմանադրական դատարանի որոշումն ենք քննարկո՞ւմ, որոշումն արդեն կայացվել է, հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որ այս որոշումը փոփոխվի՞: Ընտրական օրենսգրքում ե՛ւ գործող, ե՛ւ նախագծում այս հարցը չկա, այսինքն՝ չեն հրապարակվելու ստորագրված ցուցակները, բայց դրանք գաղտնի չեն, հանձնաժողովի անդամները եւ վստահված անձինք ընտրական օրենսգրքով իրավունք ունեն տեղեկանալու, ստորագրված ցուցակները տեսնելու»,- նշեց Լեւոն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ընտրական հանձնաժողովներում կան բազմաթիվ գրագետ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ, որոնց որեւէ մեկը չի խանգարում իրենց գործառույթներն իրականացնել. «25 տարվա մեջ, եթե Դուք ասում եք, որ ոչ մի դեպք չի ունեցել, բա այդ մարդիկ ինչո՞վ են զբաղված եղել: Իրե՞նք էլ են հրահանգ ստացել իշխանությունից, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հրահանգավորվա՞ծ են»:
«Պատասխանատվությունը պետք չէ տեղափոխել երրորդ անձի վրա»,- ասաց Զեյնալյանը: Մարտիրոսյանը պատասխանեց. «Ընտրական հանձնաժողովների պաշտոնական անդամներ են այդ մարդիկ: Ընտրական ցանկացած տեղամասում կան ընդդիմության ներկայացուցիչներ տարբեր կուսակցությունների, որոնք լիցենզավորում են ստանում: Իրենք ինչո՞վ են զբաղվա՛ծ, եթե նրանք ոչինչ չեն կարողանում անել այդտեղ, բա ինչո՞ւ են այդտեղ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ