«Եթե հարցը հասնելու է ռազմական բախումի, այսինքն, եթե պետք է ոչ միայն տնտեսական խնդիրներ ունենանք, այլ նաեւ արյուն պետք է թափվի, ապա դրա գինը միայն Նախիջեւանն է։ Այլ նվազագույն չկա։ Հայաստանի ռազմական մասնակցության գինը դա պետք է լինի»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով ռուս-թուրքական հնարավոր բախմանը եւ Հայաստանի ներգրավմանն այդ հակամարտությունում, ասաց «Մոդուս Վիվենդի կենտրոնի» ղեկավար Արա Պապյանը։
Նա նշեց, որ եթե Հայաստանը չբացի երկաթգիծը, ավելի շրջափակված կդառնա, երբ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկաթգիծը շահագործվի. «Այսինքն` մեզ անհրաժեշտ է, որ Թուրքիայի հետ բախման գնալիս Ռուսաստանը Հայաստանին ապահովի թուրքական հարձակումից։ Այդ պարագայում Նախիջեւանի հարցը դառնում է մեզ համար լուրջ անվտանգության սպառնալիք։ Նախիջեւանից Երեւան հեռավորությունը 44 կիլոմետր է, իսկ Սմերչը հանգիստ խփում է 70-90 կիլոմետր հեռավորության վրա»։
Հետեւաբար, ըստ նրա, ինչպես ժամանակին Հայաստանը ստիպված եղավ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի ստեղծել, այնպես էլ հիմա պետք է Երեւանի շուրջը դա ստեղծի: Այսուամենայնիվ Արա Պապյանն ուղղակի ռազմաճակատային բախման հնարավորություն չի տեսնում. «Այսինքն` Թուրքիան այն երկիրը չէ, որ միայնակ բախման գնա ատոմային տերություն հանդիսացող Ռուսաստանի դեմ»։
Արա Պապյանն ասաց, որ տարբեր հաշվարկներով Ռուսաստանը 1800-1850 ատոմային մարտագլխիկ ունի. «Դրանցից 10 հատն էլ են հերիք, որ Թուրքիան աշխարհի երեսից ջնջվի։ Այդ պատճառով Թուրքիան երբեք բախման չի գնա եւ հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը մի քանի տարի է իր դոկտրինից հանել է առաջինն ատոմային զենք չկիրառելու մասին սահմանափակումը»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ