Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է մարտի 29-ին և 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմբի 90-ամյակի առթիվ կայանալիք Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերային: Այս մասին այսօր Peoplemeter մամուլի ակումբում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Օպերան ավելի քան երեսուն տարի Հայաստանում չի հնչել. հնչելուց էլ` ռուսերեն եւ կրճատված տարբերակով: Չափազանց նուրբ ստեղծագործություն է, կարծես ձեռագործ լինի: Բոլոր նրբությունները փորձելու ենք կյանքի կոչել մեր երիտասարդ երգիչների հետ»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:
Ապրիլի 15-ին էլ նույն համերգասրահում դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը (Գերմանիա) հանդես կգա Բրամսի թիվ 1 դաշնամուրային կոնցերտի կատարմամբ: «Մեկ եւ կես տարի աշխատել եմ սիմֆոնիաների վրա: Յուրաքանչյուր սիմֆոնիայի մասին հաստ գրքեր կան: Պատկերացրեք, ամեն նոտայի մասին մեկնաբանություն կա եւ Բրամսի կարծիքը: Նա սարսափելի բծախնդիր է եղել եւ կարծիքներով կիսվել այլ կոմպոզիտորների հետ: Առաջին սիմֆոնիայի կատարումից հետո լավ տրամադրություն ունեի, ինչը միշտ չէ, որ առկա է համերգներից հետո»,-նկատեց Թոփչյանը:
Նա արդեն 16 տարի ղեկավարում է Ֆիլհարմոնիկը եւ իր առաջնահերթ խնդիրը համարում նվագախմբի մակարդակը բարձրացնելը. «Միակ ձգտումս է, որ հասնենք աշխարհի լավագույն նվագախմբերի մակարդակին, բայց այսօր էլ մեր մակարդակը շատ բարձր է: Մեր երկրի պայմաններում ամենաշատ հնարավորությունները մեր նվագախմբի համար են ստեղծված: Բայց եթե համեմատում ենք այն նվագախմբերի հետ, որոնց հասնելն իմ երազանքն է, նրանց տարեկան բյուջեի մեկ տոկոսն անգամ չունենք: Մտածում եմ` եթե երեք տոկոսն էլ ունենանք, շատ առաջ կգնանք: Բայց չեմ ուզում ամեն ինչ կապել ֆինանսական խնդիրների հետ, մենք ամեն օր աշխատում ենք»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Թոփչյանին հաջողվել երկար տարիներ ղեկավարել Ֆիլհարմոնիկը. «Ես կոնֆլիկտային չեմ, այլ սկզբունքային: Պահակներն ինձ հետ շփվում են «դու»-ով, իսկ ես նրանց դիմում եմ «դուք»-ով, որովհետեւ տարիքով են: Իմ դիրքը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկին չհարգեմ»,-անկեղծացավ Թոփչյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Պահակներն ինձ հետ շփվում են «դու»-ով, իսկ ես նրանց դիմում եմ «դուք»-ով…
Այո,որովհետեւ մանկուց ստացած ընտանեական դաստիարակությունը չի կարող իր հետքը չթողնել հետագայի վրա:Չնայած Մաեստրոն իմ որդուց տարիքով 3 տարի «հետ» է,այնուամենայնիվ,ես էլ եմ նրա հետ խոսում «Դուք»ով,որովհետեւ նա մեր Մաեստրոն է,նա է հանում մեր նվագախումբը աշխարհին ի տես:Ու ես հպարտ եմ…
«Բոհեմ»-ը 1988-89թթ դեռ օպերաին թատրոնի երկացանկում էր մաեսրտո Յուրի Դավթյանի ղեկավարությամբ և իտալերենով:
Պետք է օգնենք այս լավ մարդկանց, որ այս դժվար պայմաններում տալիս են նվիրական աշխատանք ի շահ մեր արվեստի բարձրանալու գործին: