Լեւոն Զուրաբյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում
Հարգելի խորհրդարան,
Թվում է, թե քննարկում ենք տեխնիկական հարց, իրականում այս հարցը ուղղակիորեն կապված է մեր երկրի զարգացման հեռանկարի եւ ապագայի հետ։
Էլեկտրականության եւ գազի գերբարձր գները նշանակում են, որ Հայաստանի տնտեսության վրա քաշած է նրան խեղդամահ անող մի սեղմօղակ, որը թույլ չի տալիս մեր երկրի արդյունաբերողներին եւ արտահանողներին մրցունակ լինել համաշխարհային շուկաներում։ Դա նշանակում է, որ, ի հավելումն դրամի արհեստական արժեւորման եւ հավասար մրցակցային միջավայրի ոչնչացման գործոնների, Հայաստանում գործում է եւս մեկ մեխանիզմ, որը նպաստում է բնակչության կողմից լայն սպառման ապրանքների ոլորտների մենաշնորհեցման միջոցով՝ գերշահույթներ ստացող մի քանի պաշտոնյա օլիգարխների բարգավաճմանը։
Կարդացեք նաև
Իհարկե, իրավիճակը չէր կարող լավ լիներ առանձին վերցրած՝ գազի եւ էլեկտրականության մատակարարման եւ բնական այլ մենաշնորհների կարգավորման ոլորտում։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը չէր կարող գործել որպես կոռուպցիայից, քաղաքական հրահանգներից եւ մութ գործարքներից հեռու մի օրինավոր, թափանցիկ եւ արդյունավետ կառավարման մարմին մի պետությունում, որտեղ կեղծվում են ընտրություններ եւ հանրաքվեները, եւ իշխանությունը ձեւավորվում է ո՛չ թե ժողովրդի կամքով, այլ իշխանությունը յուրացրած մի խմբակի, որի միակ նպատակն է պետական իշխանության լծակների օգտագործումը հանուն սեփական հարստացման։
Պատահական չէ, որ ժողովուրդն այդքան բուռն հակազդեցություն ցույց տվեց էլեկտրականության գների վերջին բարձրացմանը եւ ծնվեց «Էլեկտրական Երեւան» շարժումը։
Թեեւ հանձնաժողովն իր ծրագրում պնդում է, որ պաշտպանելու է հավասարակշռությունը կարգավորվող ընկերությունների եւ սպառողների շահերի միջեւ, ակնհայտ է, որ այն միակողմանի բավարարում է կարգավորվող ընկերությունների հայտերը։ Որոշակի հայտերի մերժումն ավելի շատ թատրոն է, իրականում հանձնաժողովը մշտապես եւ ռեգուլյար զբաղված է եղել գների բարձրացումով, եւ ոչ երբեք հակառակը։
Մենք ստեղծել ենք լուրջ աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ, փորձառու տնտեսագետներ, փորձագետներ եւ հաշվապահներ, այդ թվում մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են այդ բնագավառներում։
Կատարելով ուսումնասիրություններ եւ հաշվարկներ , մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ գազի եւ էլեկտրականության գները, ճիշտ քայլեր կատարելու դեպքում, կարելի է նվազեցնել առնվազն 25 տոկոսով, եւ մենք խոստանում ենք, որ առաջիկա ընտրություններում հաղթելու եւ իշխանության գալու դեպքում առաջին քայլերից մեկը, որ անելու ենք լինելու է գազի եւ էլեկտրականության գների նվազեցումը առնվազն 25 տոկոսով։ Նույն բանը մենք կանենք նաեւ բենզինի եւ դիզվառելիքի պարագայում, բայց դա արդեն ուրիշ թեմա է, եւ որեւէ կերպ կապված չէ այս հանձնաժողովի գործունեության հետ:
Հիմա մեզ արդեն որ երրորդ անգամ հարցնում են. ցո՛ւյց տվեք այդ ուղիները, թե ի՞նչ է պետք փոխել մեր մեթոդաբանության մեջ։ Խորանանք դրա մեջ: Ըստ ձեր մեթոդաբանության անհրաժեշտ հասույթը, այսինքն` իրականում էլեկտրականության կամ գազի սակագինը, կազմվում է հետեւյալ բաղադրիչներից՝ շահագործման եւ պահպանման ծախսեր գումարած մաշվածություն գումարած գնված էլեկտրաէներգիայի արժեք գումարած հարկեր գումարած անհուսալի դեբիտորական պարտքեր գումարած թույլատրելի զուտ շահույթ /հարկումից հետո/։
Ինչ վերաբերվում է ծախսերին, մենք արդեն խոսել ենք ուռճացված, կեղծ ծախսերի եւ կորուստների մասին։ Դատախազությունը սկզբից հնարավորություն չէր գտնում մտնելու ՀԷՑ, հիմա պարզվում է քրեական գործեր են հարուցել: Հիշո՞ւմ եք ցեմենտի ծախսի հետ կապված ծաղրը, երբ ՀԷՑ-ը ներկայացրել էր մի հայտ, որում պահանջված ցեմենտի ծախսերը կբավարարեին Ասուանի կամ Հուվերի լեգենդար պատվարներ կառուցելու համար:
Բայց ես ցանկանում եմ այսօր խոսել մեթոդաբանության այն բաղադրիչների մասին, որոնք, ըստ էության, հնարավորություն են ստեղծում լրիվ լեգալացված կոռուպցիայի համար, քանի որ այդ մեթոդաբանության պաշտպանության ներքո կատարված կոռուպցիոն գործարքները որեւէ դատախազություն կամ քննիչ չի կարողանա բացահայտել:
Մաշվածության խնդիրը։ Ինչո՞ւ է մաշվածության հաշվարկի համար կիրառվում ինչ-որ մտացածին մեթոդաբանություն: Համաձայն ձեր ընդունած մեթոդաբանության մասնավորեցման պահին հիմնական ակտիվների նկատմամբ կիրառվել է մաշվածության 10 տոկոսի նորմա: Միայն այս նորման թույլ է տվել 2002 թվականին ՀԵՑ-ը գնած ընկերությանը սակագնի հիմքում, ամորտիզացիայի անվան տակ, դնել այնպիսի հսկայական արժեք, ինչը նրան թույլ տվեց առաջին հենց տարիների ընթացում գերշահութային ավար ստանալ սպառողի հաշվին: Ճիշտ է, հետագա ներդրումների նկատմամբ կիրառվել է 4 տոկոսի նորմա, բայց սա էլ որեւէ տրամադրության մեջ չի տեղավորվում: Չէ որ շահութահարկի մասին օրենքը հստակորեն սահմանում է ամորտիզացիոն մասհանումների գումարը: Օրինակ շենքերի, շինությունների, փոխանցող հարմարանքների /բարձրավոլտ էլեկտրագծեր/ համար ամորտիզացիոն ժամկետը 20 տարի, այսինքն 5 տոկոս նորմա: Հիմա ինչո՞ւ ենք նոր մեթոդոլոգիա սահմանում, որը բերում է տնտեսապես չհիմնավորված հաշվարկների:
Անհուսալի դեբիտորական պարտքերը։ Դրանք ընդհանրապես չպիտի լինեին։ Էլ չասած, որ կրեդիտորական պարտքեը դեբիտորական պարտքերից ավելի են։ Ընդհանրապես ի՞նչու են կուտակվել։ 2014 թվականի ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ապրանքային առաքման եւ դրանց դիմաց վճարումների վերաբերյալ տեղեկանքից իմանում ենք, որ հավաքելիությունը էլեկտրաէներգիայի վաճառքից եղել է 99 տոկոս: Ուրեմն այդ անհուսալի դեբիտորական պարտքերը կուտակվել ինչ-որ կասկածելի ոչ-առեւտրային գործարքների պատճառով: Ինչո՞ւ պետք է մեթոդաբանությունը թույլ տա այդ պարտքերը տեղավորել սակագնի մեջ: Ի՞նչ է, անպատասխանատու սպառողների պարտքերը պետք է դրվեն պատասխանատու սպառողների ուսերի վրա: Անհեթեթություն: Առավել եւս, որ իրականում կրեդիտորական պարտքերը գերազանցում են դեբիտորականին:
Մեթոդաբանության տեսակետից ամենակարեւոր հարցը, սակայն շահույթի հաշվարկման հարցն է: Պարզվում է, որ երբ երաշխավորված շահութաբերությունը տեղավորում են սակագնի մեջ, նկատի ունեն ոչ թե շահութաբերությունը համեմատած հասույթի հետ /operational margin/, այլ շահութաբերությունը հաշվարկված ըստ ակտիվների, որի մեջ մտնում են հիմնական կապիտալը եւ հետագայում կատարված ներդրումները: Ահա այստեղ է, որ սկսվում է լեգալացված կոռուպցիան: Եթե ընկերությունը գործում է մրցակցային միջավայրում, ներդրման ամբողջ ռիսկը ընկնում է ընկերության վրա, որովհետեւ ինքը պետք է շատ հստակ հաշվարկի, արդյոք այդ ներդրումը կբերի՞ շահութաբերության բարձրացմանը, եւ եթե սխալվի այդ հաշվարկում կորուստների ամբողջ պատասխանատվությունը կկրի ընկերությունը: Մինչդեռ այս դեպքում մենք գործ ունենք բնական մենաշնորհի հետ, որի ցանկացած ներդրում, որ հաստատվում է ռեգուլյատորի կողմից, ունի երաշխավորված շահութաբերություն: Ըստ ձեր մեթոդաբանության, թույլատրելի զուտ շահույթը հաշվարկվում է որպես շահույթի հաշվարկման բազա/բաժնետոմսերի 100 տոկոսի արժեքը պլյուս կուտակված ներդրումներ հանած ամորտիզացիա/ բազմապատկած ակտիվների շահութաբերության նորմայով, որը տվյալ դեպքում 15 տոկոս է:
Այս մեթոդաբանության հետեւանքը հետեւյալն է. ընկերությունը շահագրգռված է ցանկացած ներդրում կատարել քաջ գիտակցելով, որ նոր ստեղծած ակտիվից կունենա երաշխավորված 15 տոկոսի շահութաբերություն: Այստեղ որեւէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ռեգուլյատորը կարող է հաստատել կամ չհաստատել այդ ներդրումը: Իրականում ստեղծվում է հզոր շահագրգռվածություն, որ անկախ նրանից, տնտեսապես ինչքան նպատակահարմար է ներդրումը, այն կատարվի, որովհետեւ արդյունքում բավականին շատ մարդիկ կհարստանան, կլցվի պետական բյուջեն, իսկ ներդրման համար ամբողջ ծանրությունը կդրվի սպառողի ուսերի վրա: Դրա համար էլ կատարվում են ներդրումներ, որոնք շատ-շատերի հարստացնում են, ընդորում հանձնաժողովի թեթեւ ձեռքով, մինչդեռ գազի եւ էլեկտրականության գները անցնում են բանականության բոլոր սահմանները: Ահա սա է գլխավոր կոռուպցիոն չարիքը, որը քարուքանդ է անում Հայաստանի տնտեսությունը:
Ասում եք. ապահովել ենք, որ Հայաստանը գազիֆիկացիայի տեսակետից երկրորդ տեղում է Հոլանդիայից հետո: Ի՞նչ օգուտ, եթե այդքանից հետո ունենք խեղդված տնտեսություն, անվճարունակ բնակչություն նույն այն հեռավոր գյուղերում, ուր գազ ենք անցկացրել, ունենք փակվող բիզնեսներ, անմրցունակ արդյունաբերություն եւ արտագաղթ:
Կասեք, որոշ երկրներում դա նույնպես կիրառվում է: Այո, դա կոչվում է RAB-based regulation /regulatory asset base/, այսինքն` կարգավորվող ակտիվի բազայի հիմքի վրա կարգավորում: Բայց այն կիրառելի չէ Հայաստանի համար, որը զբաղեցնում է կոռուպցիայի մակարդակով 95 րդ տեղը: Այ, երբ կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը կհավասարեցվի գազիֆիկացիայի մակարդակին այդ ժամանակ նոր կարելի է կիրառել այս մեթոդաբանությունը: Իսկ հիմա պետք է կիրառել price cap մոտեցումը, որը կիրառվում է Լեհաստանում, Թուրքիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: Պետք է ելնել կարգավորվող ընկերության բիզնեսի շահութաբերության, եւ ո՛չ թե ակտիվների շահութաբերության սկզբունքից, եւ այդ դեպքում, կարգավորվող ընկերությունները կհրաժարվեն անիմաստ եւ ռիսկային ներդրումներից, որոնք միայն տանում են դեպի սպառման գների ավելացում եւ խեղդում ընդհանուր տնտեսական վիճակը:
Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես կարելի է, պաշտպանելով ներդրումները, պակասեցնել դրանց անարդյունավետությունը: Բոլոր գործոնների հաշվարկի հիման վրա նորից հայտարարում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, հաղթելով առաջիկա ընտրություններում, կպակասեցնի գազի, էլեկտրականության եւ այլ վառելիքի սպառման գները առնվազն 25 տոկոսով: