Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 90-ամյակը նշում է «ՀԱՖՆ 90» խորագրով միջոցառումների շարքով, որը ներառում է 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի ներկայացում, գիտական կոնֆերանս, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում, «ՀԱՖՆ 90» ֆիլմի պրեմիերա: Այս մասին այսօր Peoplemeter մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
Նա տեղեկացրեց, որ հոբելյանական համերգների շարքը սկսվել էր դեռեւս նախորդ տարվանից. «Մենք զբաղված էինք ավելի կարեւոր գործով` դրսում ներկայացնելով Հայոց ցեղասպանության խնդիրը»:
Սիրունյանը նշեց, որ ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա եզրափակիչ համերգը: Նույն օրը Մաշտոցի 43 հասցեում կբացվի նվագախմբի հիմնադիր, դիրիժոր(1924-1926 թթ.) Արշակ Ադամյանի հուշաքարը:
ՀՀ վաստակավոր գործիչ, ՀԱՖՆ երաժշտական խմբագիր Արմեն Բուդաղյանն էլ վերհիշեց Ֆիլհարմոնիկի պատմության դժվար տարիները. «1920-ականներին, երբ երկիրը չէր բուժել իր վերքերը, ղեկավարությունը հնարավորություն ստացավ հիմնելու ՀՀ-ում առաջին սիմֆոնիկ կոլեկտիվը: Անցան տարիներ, ստեղծվեց Օպերային թատրոնը, մեր սիմֆոնիկ նվագախումբը ողջ կազմով տեղ գտավ Օպերային թատրոնի փոսում եւ կրկնակի դեր կատարեց` սպասարկելով թատրոնի ներկայացումները եւ հանդես գալով ինքնուրույն համերգներով: Պատերազմի տարիներին նվագախմբի արտիստների մի մասը զոհվեց: Ցուրտ ու մութ տարիներին էլ նվագախումբը ղեկավարեց Լորիս Ճգնավորյանը, որը հսկայական աշխատանք կատարեց նվագախմբի համար. մենք գալիս ու տեսնում էինք էլեկտրական լույս, տաք դահլիճ: Մարդիկ էլ գալիս էին ոչ միայն նվագախմբի համերգները լսելու, այլեւ տաքանալու եւ էլեկտրական լույս տեսնելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ