Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական թռչնամսի անվան տակ ներկրված մի՞ս է վաճառվում (Տեսանյութ)

Մարտ 14,2016 16:35

Ալյուրի հարստացման ծրագիրը կանգնեցված է եւ առայժմ չի իրականացվի: Այսօր այսպիսի հայտարարություն արեցին Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Նրանց խոսքերով, իրենց կազմակերպության, գիտնականների հավաքների եւ մտահոգությունների շնորհիվ այդ ծրագիրն ի կատար չի ածվի:

Սպառողների իրավունքների պաշտպաններն այս մասին խոսեցին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում` «Սպառողների իրավունքների պաշտպանության օրվա» առիթով, որն աշխարհը նշում է մարտի 15-ին:

Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս նախարարությունը հետ է կանգնել ալյուրը հարստացնելու մտքից, ինչպես որ վստահեցնում են Մելիտա Հակոբյանը եւ Ռուբեն Հայթյանը: Ի պատասխան, նախարարությունից նշեցին, որ ծրագիրն ուժի մեջ է եւ ինչպես որ նախատեսվում էր, ալյուրը հարստացվելու է վիտամիններով եւ որ այս պահին էլ կրկին քննարկումները շարունակվում են:

Սպառողների պաշտպաններն ասացին, որ մեր երկրում ամենուրեք սպառողների իրավունքները խախտվում են եւ հիմնական պատճառը սպառողական կրթության բացակայությունն է: «Եթե սպառողը տեղեկացված է իր իրավունքներից եւ կարողանում է ինքն իրեն պաշտպանել, ունենում ենք ցիվիլ հասարակություն: Ինչից ենք վախենում, որ մեզ մոտ չենք մտցնում սպառողական կրթությունը: Վախենում ենք, որ սպառողն ավելի ցիվի՞լ կլինի, ավելի կի՞րթ կլինի»,-հարցնում է Մելիտա Հակոբյանը, որը կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրչտյանի հետ մեծ հույսեր է կապում, որ այս նախարարը կգնա ընդառաջ սպառողների իրավունքների պաշտպանների հորդորին եւ սպառողական կրթությունը կընդգրկի ուսումնական ծրագրերում:

Տիկին Հակոբյանն ասաց, որ Բրազիլիայում, սպառողների իրավունքների թեմայով կազմակերպված գիտաժողովին ներկա են եղել այդ երկրի նախագահն ու արդարադատության նախարարը, որոնք սպառողների պաշտպաններին հորդորել են ավելի լավ աշխատել. «Նրանք կանգնած էին իրենց երկրի սպառողների կողքին: Բրազիլիայի նախագահը համոզված էր, որ որքան ցիվիլ սպառող ունենան, պետական այրերին այնքան ավելի քիչ աշխատանք կմնա անելու»:

Aravot.am-ը Մելիտա Հակոբյանին, որը թվարկում էր թե իրենց կազմակերպությունը օրեկան քանի բողոք է ստանում հայաստանցի սպառողներից, խնդրեց մի քանի օրինախախտ տնտեսվարողի անուն հրապարակել, որոնք խախտել են սպառողների իրավունքները` վաճառած ապրանքը հետ չեն վերցրել, ապրանքի վրա մակնշում չեն արել կամ ժամկետանց ապրանք են վաճառել: Տիկին Հակոբյանը հրաժարվեց` նշելով, որ խախտումները համատարած են եւ որ չի ցանկանում «Սպառողների իրավունքների պաշտպանության օրը» այդպիսի «տխուր» թեմաներով խոսել:

Ռուբեն Հայթյանն ասաց, որ 2015 թ.-ին 2000-ից ավելի մեծ եւ փոքր խանութներում մոնիտորինգ են արել: Արձանագրած հիմնական խախտումները եղել են հացաբուլկեղենի, մսամթերքի, գազավորված ըմպելիքների շուկայում: Բայց թե կոնկրետ որ ընկերություններն են այդ խախտումները թույլ տվել, սպառողների պաշտպանները կրկին անուններ չհրապարակեցին:

Ըստ պարոն Հայթյանի, հացամթերքի 40-50 տոկոսը խանութ է տեղափոխվում հացի համար չնախատեսված մարդատար մեքենաներով, ինչը եւս խախտում է, շատ խանութներում դեռեւս վաճառվում է չմակնշված եւ չփաթեթավորված հաց:
Այս օրերին էլ ակադեմիան մի ուսումնասիրություն է անում, որի համար առիթ են հանդիսացել հացաբուլկեղենի մեջ ավելացվող, կասկածելի բաղադրությամբ բարելավիչները: Սպառողների պաշտպանները կասկածներ ունեն շուկայում վաճառվող որոշ ընկերությունների վաճառած թռչնամսի եւ ձվի վերաբերյալ, սակայն չեն կարող անուններ հրապարակել` մինչեւ որ ուսումնասիրության արդյունքները պարզ չլինեն: Ռուբեն Հայթյանի խոսքերով, տեղեկություններ կան, որ տեղական մսի անվան տակ ներկրված թռչնամիս է վաճառվում:

Մելիտա Հակոբյանն ասաց, որ վաճառողը պարտավոր է ապրանքը հետ վերցնել 14 օրվա ընթացքում, մինչդեռ մեր երկրում շատ խանութներ օրենքի այս պահանջը անտեսում են, իսկ սպառողներն էլ բավականաչափ կրթված եւ տեղեկացված չեն իրենց իրավունքներից, որպեսզի տնտեսվարողին ստիպեն հետ վերցնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031