Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ի՞նչ ձեւ ա, ի՞նչ մակարդակ ա ցույց տալիս կառավարությունը». ԲՀԿ-ն՝ ընդդեմ կառավարության

Մարտ 14,2016 16:28

Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կոշտ քննադատեց կառավարությանը:

Ըստ նրա, այս հանձնաժողովը, ինչպես եւ կառավարությունը ոչ մի բարեփոխում չի ուզում իրականացնի, նման ծրագիր չունի. «Փոքրիկ հրդեհ հանգցնելու ծրագիր եք դրել: Էսօր կառավարությունը չի կարողանում ռեֆորմ իրականացնի, բարեփոխիչի համբավ չունի: Կառավարության չարած գործերը տարածվում են նաեւ ձեր կառույցի վրա: Եկաք ու ասացիք, որ ատոմակայանը կանգնել է 88 օր, պարտքեր են կուտակվել, բա ո՞ւր էր օպերատոր ՓԲԸ-ն, կառավարությունը լուծարել է, ի՞նչ է արել, պետությունն իր վրա չվերցրեց ռիսկերը: Բա ատոմակայանի հետ կապված հարցերը գիտեք թե մոռացա՞նք: Մեքենայություններ կային այնտեղ, ինչեր կային, ԱԱԾ տարան,. Ի՞նչ եղավ դրա հետ կապված: Էդ ո՞նց եղավ, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը եկավ՝ կորուստները 2.5 տոկոսով իջան»:

Միքայել Մելքումյանը հաշվարկ ներկայացրեց, ըստ որի, գազի սակագնի մեջ էլ տարեկան 18 մլն դոլար անհետացել է. «Բա էդ 18 մլն դոլարը որտե՞ղ ա»:

Նա նաեւ նշեց, որ անցյալ կառավարության նիստում օրենքի նախագիծ է ունեցել ազատ տնտեսական գոտում անհատ ձեռնարկատերերին եկամտահարկի արտոնություն տալու. «Բոլոր մարմինները տվել էին դրական, նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, միայն ֆինանսների նախարարությունը տվել է բացասական, թե հարկային արտոնություններ չեն նախատեսվում. «Այ ընկեր ջան, որեւէ մեկը քեզ չի ասում Հարկային օրենսգրքով ինչ է նախատեսվում: Ես ակնկալում էի, որ կառավարությունը պետք է խորությամբ նայեր: Սա ի՞նչ պահեր ա, սա ի՞նչ ձեւ ա, էս ի՞նչ ձեւի ա քննարկում կառավարությունը, ի՞նչ մակարդակ ա ցույց տալիս, ես չեմ հասկանում»:

Միքայել Մելքումյանը մեղադրեց կառավարությանը, այսպես ասած՝ հեղինակային իրավունք խախտելու, գաղափարներ գողանալու մեջ, որ իրենց նախագծերը մերժում են, ինչ է թե իրենք չեն արել, հետո 2 ամիս հետո նույն նախագիծն իրենց անունից բերում ԱԺ:

Նա ասաց, որ հանձնաժողովի ծրագիրը, որը պետք է ԱԺ-ն ընդունի ի գիտություն, ԲՀԿ-ն չի էլ ընդունում ի գիտություն. «Այս տիպի ծրագիրը ԲՀԿ-ի համար անընդունելի է, չենք էլ ընդունում ի գիտություն»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց ելույթներում կոռեկտ լինել: Վարդան Այվազյանն էլ հեգնեց, որ նախընտրական տարի է, դրանով են պայմանավորված այս «գունավոր ելույթները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031