ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից դեռ առաջարկ չի ստացել`իր կուսակցությանն անդամագրվելու համար: Այսօր այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Վարդան Օսկանյանը, հիշեցնենք, արդեն հաստատել է, որ նոր կուսակցություն է ստեղծելու, որն ակտիվ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Թեպետ Վարդան Օսկանյանն առայժմ անուններ չտվեց, թե ովքե՞ր են լինելու իր կուսակիցները, սակայն, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն ու Վարդան Օսկանյանն այդ մասին դեռ մեկ շաբաթ առաջ են խոսել եւ ինքն էլ տեղյակ է`Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը եւ Էլինար Վարդանյանն անդամակցելու են Վարդան Օսկանյանի կուսակցությանը:
Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցություն հիմնելու: Ավելին, նա զգուշացնում է, որ Վարդան Օսկանյանի կուսակցության հիմնադրմամբ, քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն. երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցնելու մասին բոլոր խոսակցություններում հստակություն կմտնի: «Բոլորի խաղաքարտերը, մեղմ ասած, խառնվելու են»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հստակեցնող հարցին`այդ կուսակցությունը երկրո՞րդը կլինի, նա ասաց, որ ինքն այս պահին ավել տեղեկություններ չունի, քան մամուլում կան եւ հստակ ոչինչ ասել չի կարող:
Նա կարծում է, որ միակ մարդն, ով մարտի 1-ի հետ որեւէ կապ չունի, դա Վարդան Օսկանյանն էր: «Բոլոր նրանք, ովքեր եղել են իշխանության մաս եւ բարիկադի մյուս կողմում, ունեն պատասխանատվության չափ»,- ասաց նա`հավելելով, որ նույնքան բարոյական չէ, այդ թեման շահարկել. «Ամենաշահագրգիռ մարդկանցից մեկը, որ այդ ողբերգությունը բացահայտվի մինչեւ վերջ, ես եմ: Դա միայն իրավապահ համակարգի գործ չէ: Ինչո՞ւ մեր քաղաքում, մեր երկրում այդքան բարիկադավորվեց հասարակությունը, ավելի խորքային հարց է»:
Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բոլոր հարցերին, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ Վարդան Օսկանյանին տրվել են`ինքն էլ պատասխանել է:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ