Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես ապահովել արդիական մասնագիտական մաթեմատիկական կրթություն. քննարկում են տեղացի ու միջազգային մասնագետները

Մարտ 14,2016 16:07

Տեխնիկական զարգացման պայմաններում ինժեներական կրթությունը ևս շարունակաբար պետք է բարելավվի՝ հետ չմնալով գլոբալ փոփոխություններից: Մաթեմատիկան ինժեներական և բնագիտական կրթության կարևորագույն բաղադրիչներից է, ուստի կարևոր է նաև մաթեմատիկական կրթական ծրագրերի արդիականացումը և համապատասխանեցումը մասնագիտության պահանջներին և առանձնահատկություններին. այսպիսին էր Երևանում մեկնարկած համաժողովի մասնակիցների մոտեցումը:

Մարտի 14-ին ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում մեկնարկեց եռօրյա խորհրդաժողով՝ նվիրված մասնագիտական մաթեմատիկական կրթության արդիականացմանը: Միջացառման կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և Երևանի պետական համալսարանը:
Համաժողովին մասնակցում են համալսարանների դասախոսներ և որակի ապահովման մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ֆինլանդիայից:
Համաժողովի մասնագետներին ողջույնի խոսք հղեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, «Էրասմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան, Արհեստական ինտելեկտի հետազոտման Գերմանիայի կենտրոնի աշխատակից, MathGeAr ծրագրի համակարգող Սերգեյ Սասնովսկին, Հայաստանում ծրագրի համակարգող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց ճարտարագիտական, բնական և համակարգչային գիտությունների ուսանողների համար մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը, ներկայացվեց Հայաստանի, Վրաստանի և եվրոպական համալսարանների տեխնիկական կրթության մաթեմատիկական ծրագրերի համեմատական վերլուծությունը, գնահատվեցին Հայաստանի և Վրաստանի համալսարաններում արդիականացված դասընթացները: Եվրոպական համալսարանում ուսումնառության իր փորձը ներկայացրեց նաև ՀԱՊՀ ուսանողուհին:
Համաժողովի մասնակիցները կարևորեցին կիրառական մոտեցումները մասնագիտական մաթեմատիկայի դասավանդման գործում՝ նշելով, որ կարևոր է ոչ միայն թեորեմներն ապացուցելու կարողությունը, այլ նաև մասնագիտական խնդիրներում դրանք կիրառելու հմտությունը:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև մարտի 15-16-ին: Կներկայացվի դասավանդման էլեկտրոնային մեթոդների կիրառությունը Math-Bridge-ի օրինակով, ինչպես նաև MathGeAr ծրագրի մասնակիցները կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կկիսվեն հաջողված փորձով:

MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
Հայկուհի Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031