Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կփորձի հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում». Սերգեյ Մինասյան

Մարտ 14,2016 15:00

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Անդրադարձ» մամուլի ակումբում վերլուծեց տարածաշրջանային իրադարձությունների վերջին զարգացումները: Խոսվեց Սերժ Սարգսյանի՝ մարտի 10-ին Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ու նրա հայտարարության մասին: Քաղաքագետի համոզմամբ՝ թե Սիրիական գործողություններում Հայաստանի՝ Ռուսաստանի կողքին կանգնելը, թե Ադրբեջանի՝ Թուրքիայի գործողությունները չխրախուսելը տրամաբանական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ունեցած ուժեղ լծակները տարածաշրջանում: Ուստի բնական է, որ Ադրբեջանը ամեն ինչ կանի հավասարակշռություն պահելու համար:

Սերգեյ Մինասյանը կարևորեց Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ Շարմազանովի կատարած այն հայտարարությունը, որ միջազգային հարթակներում մեր ընդհանուր շահին վերաբերող հարցերը չեն բարձրաձայնում: Քաղաքագետը նման վերաբերմունքը մեկնաբանում է նրանով, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ այլ մոտեցումներ ունեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և միշտ չէ, որ այդ մոտեցումները համապատասխանում են Հայաստանի քաղաքականությանը և տվյալ խնդրին Հայաստանի մոտեցումներին: «Դա վտանգ է առաջացնում, որ ՀԱՊԿ-ի գործունեությունը կովկասյան տարածաշրջանում կսահմանափակվի միայն Հայաստան-Ռուսաստան երկկողմ ֆորմատով»:

Տարածաշրջանում վերջին ժամանակներում Իրանի ակտիվացումը, ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրենի, միայն Հայաստանի օգտին է: «Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ տարիներ շարունակ Հայաստանն ու Իրանը լավ հարաբերություններ են պահպանում, այլև երկաթգծի կառուցման աշխատանքներով, ինչը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Իրանը կարող է դեր խաղալ տարածաշրջանի անվտանգության պահպանման գործում՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը և երկկողմ լավ հարաբերությունները»,- բացատրեց Սերգեյ Մինասյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության մասին խոսելիս քաղաքագետն ասաց, որ դրանից վնաս ակնկալել պետք չէ: Մինասյանը բացառեց այդ փոփոխությունում Իրանի ակտիվության գործոնը, քանի որ վերջինս չի հանդիսանում ԵԱՀԿ անդամ պետություն:

Ինչ վերաբերում է Թուրքիային, նա, քաղաքագետի խոսքով, նվազեցրել է իր ազդեցությունը Մինսկի խմբում, քանի որ իր հայտարարություններով և Ադրբեջանին աջակցությամբ իրեն դրել է կոնֆլիկտի մասնակից երկրի տեղում: «Դրա հետ մեկտեղ ռուսական ինքնաթիռը խոցելով՝ ինքն իրեն զրկեց Սիրիայում ոչ ռազմական ազդեցության լծակներից: Նույն կերպ ելնելով ռուս-թուրքական լարված իրավիճակից, Թուրքիան ոչ մի դերակատարություն և ազդեցություն չի կարող ունենալ Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանը ուրախությամբ դա չի ընդունի: Այնտեղ ներգրավվածության հարցում Թուրքիային մնում է միակ դրական քայլը՝ Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար բարեկարգումը առանց որևէ նախապայմանի:

Անդրադառնալով Թուրքիայում վիզային ռեժիմի վերացմանն ու Եվրոպա ազատ մուտքի թույլտվությանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դրան հասել է Մերձավոր Արևելքից փախստականների գործոնի շահարկման միջոցով և Եվրամիության համար նոր խնդիրներ ստեղծելով:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031