Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակցու թասիբը թույլ կտա՞ր, որ ոսկի չբերեր կամ թուրքին ու ադրբեջանցուն պարտվեր». Շիրակի մարզպետարանի սպորտբաժնի պետ

Մարտ 14,2016 14:20

Մարտի 12-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքական թիմի չորս մեդալներից երեքը նվաճեցին շիրակցի ըմբիշները:

Այս մարզի բնակչության համար այնքան սովորական ու սպասելի է ըմբիշների հաղթանակը, որ նրանցից ոմանք, հետեւելով ըմբշամարտին, կատակում էին. «Չեմ հասկանում՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Գյումրին կմասնակցե, թե՞ Հայաստանը, բայց հաճելի է, շա՜տ հաճելի…»:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ, որը Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է, երեկ հրճվանքով գրել է. «Քիչ առաջ Ռիգայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Որպես Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ՝ հպարտ եմ և սպասում էի մեր տղաների հաղթանակին: Կրկին մեր մարզը փայլեց, գերազանցեց բոլորիս սպասելիքները` չորս մեդալից երեքը մեր մարզից են` Վարշամ Բորանյան՝ ոսկե մեդալ, Արթուր Ալեքսանյան՝ արծաթե մեդալ, Կարապետ Չալյան՝ բրոնզե մեդալ և իմ ընկերը` Ռոման Ամոյան՝ արծաթե մեդալ: Շնորհավորում եմ մեր դյուցազուններին և բոլոր մարզասերներին, հատկապես մարզիչներին, նրանց քրտնաջան, ամենօրյա ու պրոֆեսիոնալ աշխատանքի պտուղներն ենք մենք այսօր վայելում: Կեցցե՛ք տղաներ»:

Շիրակի մարզպետարանի սպորտբաժնի պետ Վաչիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հասցնում պատասխանել հեռախոսազանգերին. շնորհավորանքներ են հնչեցնում ամեն տեղից՝ Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից:

Մարզպետարանի այս բաժնում այսօր շատ խառն են, պատրաստվում են երեկոյան ժամը 20.30 -ին դիմավորել Հայաստանի պատիվը բարձր պահած ըմբիշներին: Նրանց այդ ժամին կդիմավորեն «Զվարթնոցում», այնուհետ կուղեկցեն Գյումրի ու ավանդույթի համաձայն քաղաքի մուտքի մոտ հատուկ արարողությամբ՝ դհոլ-զուռնայով, քեֆ-ուրախությամբ կնշեն նրանց հաղթանակը: Ի դեպ, հաղթանակած մարզիկներին դիմավորելու համար «Զվարթնոց» օդակայան պաշտոնյաներից բացի, սովորաբար գնում են նաեւ շարքային գյումրեցիները:

Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, ինքը նույնպես սպասում էր նման արդյունքների, միայն թե իր սպասելիքները չարդարացան Արթուր Ալեքսանյանի պահով. վերջինս 4-րդ անգամ չդարձավ Եվրոպայի չեմպիոն: «Ինչ արած, սպորտ է, մենք շատ ենք տեսել եւ՛ վերելքներ, ցավոք սրտի, նաեւ վայրէջքներ, թող տա Աստված վերջին վայրէջքը լինի Արթուրի համար, քանի որ օգոստոսին օլիմպիական խաղերն են», -փոքր-ինչ նեղսրտած ասում է Վաչիկ Վարդանյանը:

Պաշտոնյան, Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով արդյունքները, ասաց. «Մրցումներին մասնակցող Հայաստանի ազգային հավաքական թիմի 8 մարզիկներից 5-ը Շիրակի մարզի ներկայացուցիչներն էին. 71 կգ քաշային կարգ Վարշամ Բորանյան, 75կգ քաշային կարգ Կարապետ Չալյան, 88 կգ քաշային կարգ Ռաֆիկ Մանուկյան, 98 կգ Արթուր Ալեքսանյան եւ գերծանր քաշային՝130 կգ Էդգար Խաչատրյան: Այս հինգ մարզիկներից Վարշամ Բորանյանը ներկայացնում էր Ախուրյանը, մյուս 4-ը՝ մարզկենտրոն Գյումրին: Մյուս 3 մարզիկները՝ ոչ Շիրակի մարզը ներկայացնող, Ռոման Ամոյանն էր՝ բազմակի տիտղոսներ ունեցող, Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ քաշային կարգ եւ 66 կգ քաշային կարգ ունեցող Միհրան Հարությունյանը, որի հետ մեծ հույսեր էինք կապում:

Ես ավելի շատ ուզում եմ խոսել մեր մարզիկների՝ մեր 5-ի մասին, որովհետեւ գլխավոր գործը նրանք արեցին, գլխավոր հերոսները նրանք են: Այս մրցումներում մեր հավաքական թիմը ընդհանուր հաշվարկում նվաճեց 4 մեդալ, որից 1-ը ոսկի, երկու արծաթ ու մեկ բրոնզ: Այդ մեդալներից 3-ը նորից շիրակցիներինն են: Ամենաբարձր մեդալը՝ ոսկե մեդալը, նվաճեց Վարշամ Բորանյանը, արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը՝ մեր բազմափորձ, բազմատիտղոսավոր մարզիկը եւ բրոնզե մեդալակիր դարձավ Կարապետ Չալյանը՝ լավագույն մարզիկներից մեկը: Իհարկե, Վարշամ Բորանյանը շատ փորձառու մարզիկ է, հիշում եք դեռեւս երկու տարի առաջ աշխարհի առաջնությունում նա անպայման կդառնար չեմպիոն կամ փոխչեմպիոն, ուղղակի մկանը կտրեց: Հիշում եք այդ պահը, մեկ տարի հետո տեսեք արդեն Վարշամը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իսկ ինչ մնում է մեր բազմափորձ Արթուր Ալեքսանյանին, այստեղ, ինչ խոսք, իր գլխավոր դերը խաղաց մրցավարական գործոնը, կարծես թե մրցավարները հրահանգ էին ստացել ռուս մարզիկին՝ Նիկիտա Մելնիկովին վատ դրության մեջ չդնել: Ինչեւէ, դա թողնենք մրցավարներին, իրենց խղճին, բայց որ Արթուրը լավագույն մարզիկն է, դա փաստ է»:

Մեր հարցին, թե ի՞նչ զգացողություն ուներ Կարպետ Չալյանի՝ թուրք Էմրան Սուլեյման Կուսի, այնուհետ ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ ըմբշամարտը դիտելիս, Վաչիկ Վարդանյանն ասաց. «Կարպետ Չալյանը շատ բարձր կարգի մարզիկ է, նախկինում եղել է երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, անցած տարի եղավ Եվրոպայի մինչեւ 23 տարեկան մարզիկների բրոնզե մեդալակիր: Նա երեք գոտեմարտերում հաղթանակ տարավ, պարտություն կրեց վրացի Զուրաբի Դատունաշվիլուց: Երբ Դատունաշվիլին մտավ եզրափակիչ, Կարապետը շարունակեց պայքարը բրոնզե մեդալի համար եւ պատկերացրեք, այդ պայքարում 8-0 հաղթեց թուրք մարզիկին, իսկ երրորդ տեղի եզրափակիչում գեղեցիկ ձեւով հաղթեց բազմափորձ ադրբեջանցի մարզիկին: Երբ պարզվեց, որ Կարապետ Չալյանը երրորդ տեղի համար մրցելու է ադրբեջանցու հետ, իրոք, դա ավելի դժվար մրցամարտ էր ինձ համար դիտելը, քան ասենք՝ Վարշամ Բորանյանինը: Պատկերացրեք, Աստված մի արասցե, Կարապետ Չալյանը պարտվեր, ադրբեջանական թերթերը ինչեր կգրեին… Փառք Աստծո, Կարապետ Չալյանը դրսեւորեց ուժ, կամք, հայի թասիբ, գյումրեցու թասիբ ու հաղթեց»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում մշակվել է պետական մի քաղաքականություն, համաձայն որի՝ միջազգային մրցումների ժամանակ հայ սպորտսմենին (անկախ նրանից, թե հայը որ երկրի կողմից է հանդես գալիս, ում դրոշի տակ) հաղթած ադրբեջանցին պարգևատրվում է 15 հազար դոլարով: Այնպես որ, մեր Կարապետ Չալյանը ադրբեջանցուն զրկեց զգալի գումարից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031