Այսօր ԱԺ նիստում արդեն պաշտոնապես ներկայացվեց, որ ՀՅԴ խմբակցության կազմը համալրվել է նոր պատգամավորով: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ-ում ներկայացվելու է ՀՅԴ համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուն՝ Կարեն Շահմուրադյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին առաջարկեց այն, ինչն արդեն առաջարկել էր Դավիթ Հարությունյանին, այն է, ոչ թե ձեւական լսումներ կազմակերպել Ընտրական օրենսգրքի նախագծի թեմայով, այլ ստեղծել «4+4+4» ֆորմատով քաղաքական քննարկում:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մարտի 18-ին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախատեսում է լսումներ եւ չի լինի մի հարց, որը չի քննարկվի:
Կարդացեք նաև
Ամսի 22-ին էլ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ է լինելու քննարկում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ պատրաստ են գնալ քննարկումների ցանկացած ձեւաչափով՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուս ապահովելու համար:
Լեւոն Զուրաբյանը ճշտեց՝ դուք պատրա՞ստ եք գնալ քաղաքական բանակցությունների՝ մեզ հետ. «Եթե պատասխանը դրական է, եւ մենք ստեղծում ենք այդ բանակցությունների ձևաչափ, երկու արդյունք է հնարավոր: Մեկն այն է, որ մենք գալիս ենք կոնսենսուսային համաձայնության, որը փայլուն բան կլինի, որովհետեւ դրանով հիմքեր կդրվեն ժողովրդի խարխլված հավատի վերականգնմանը դեպի ընտրական մեխանիզմը, մյուսն այն է, որ որեւէ համաձայնության չենք գալիս: Այդ ժամանակ դուք ձեր քվեարկության մեխանիզմը կդնեք գործի եւ ինչ ուզեք՝ կընդունեք, բայց կոնսենսուսի տապալման համար բնականաբար բոլոր քաղաքական ուժերը կկրեն իրենց հասանելիք քաղաքական պատասխանատվությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ