«SOS Գյումրի» թիմի նախաձեռնած` Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնության շրջանակում նվիրատուները տրամադրել են 11 բնակարան, եւս երկու բնակարանի նվիրատվության հարցն էլ առաջիկայում պարզ կլինի: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Երևանը Գյումրիի կողքին է» դրամահավաքի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը:
Նա նշեց, որ բացի նշյալ նվիրատվություններից` Crowdfunder կայքում արդեն հավաքվել է 26 հազար ֆունտ ստերլինգ գումար, իսկ մի քանի այլ հաշվեհամարներին փոխանցված գումարը 11 միլիոն 87 հազար դրամ է. «Այս թիվը կաճի, քանի որ դրամահավաքը դեռ ավարտված չէ: Իսկ Crowdfunder կայքի հետ պայմանավորվեցինք, որ դրամահավաքի չափը լինի 27 հազար ֆունտ ստերլինգ: Կարծում եմ, կկարողանանք այդքան գումար հավաքել մինչեւ դրամահավաքի ավարտը»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը: Տեղեկացնենք, որ ըստ Crowdfunder-ի պայմանների` եթե մինչև մարտի 22-ը 27 հազար ֆունտ ստերլինգ չհավաքվի, գումարները կվերադարձվեն նվիրատուներին:
Մաքսիմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների հետ պայմանագրում նշվելու է, որ տրամադրվող բնակարանները չեն վաճառվելու. «Բոլորս էլ հասկանում ենք, որ նման գործարքը որոշակի ռիսկեր է պարունակում: Այդ պատճառով էլ պայմանագրում նշվելու է, որ բնակարանը ստացողներն իրավունք չունեն այն վաճառել»:
Բանախոսի փոխանցմամբ` առաջիկայում տեղի կունենա նաեւ աճուրդ-դրամահավաք. «Լոտերը բավականին թանկարժեք են, հնարավոր է` այն կազմակերպվի արտասահմանում»:
Կարդացեք նաև
Մաքսիմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ մարտի 20-ին ժամը 17:00-ից Հյուսիսային պողոտայում տեղի կունենա համերգ, որի ընթացքում ցանկացողները կարող են գումար նվիրաբերել: Համերգին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մոտ 30 արտիստներ, այդ թվում` Սոնա Ռուբենյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ռուզաննա Անդրեասյանը, Լիլիթ Կարապետյանը, Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մակարյանը, Գրիգոր Կյոկչյանը, Զառա Մակարյանը, Սամվել Գրիգորյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը, Մաշա Մնջոյանը եւ «Ռեինկարնացիա» ռեգգի-խումբը, որը հանդես կգա 30-40 րոպեանոց երաժշտական ծրագրով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ